Մարտիրոս Դավթյանց
1821-23թթ Կալկաթայում հրատարակել է «Շտեմարան»-ը, որը առաջին աշխարհաբար պարբերականներից է եղել։ Այստեղ էլ տպագրել է իր բանաստեղծությունները (մեծ մասամբ գրաբար), առակները («Ագռավի մասին», «Բժիշկ ամոթխած», «Դարվիշ և խափշիկ» և այլն), հոդվածները, որոնցում քննադատել է դաստիարակչական կոպիտ մեթոդներ կիրառող քահանաներին, հանդես եկել ստրուկներին ու սպասավորներին գանակոծելու դեմ։ Հրատարակել է նաև մի կատակերգություն՝ «Խտրադիմա դժրողության» (1821թ.), կից «Հասարակախոսություն» հավելված-ուսումնասիրությամբ, որտեղ տրվում են պիեսի ստեղծման հանգամանքները, կարևորվում թատրոնի նշանակությունը։ Նրա գրած «Վիկտորիա» այբբենարանը (1841թ.) երկար տարիներ ուսումնական ձեռնարկ է ծառայել Կալկաթայի հայկական դպրոցների համար։ Մասնակի թարգմանություններ է կատարել Շեքսպիրից, Մոլիերից։ Օգտագործել է Վ.Օ.Տ., Ներսես Ապողան, Անխաբ Եպիփան և այլ ծածկանուններ։