Zark Foundation

Մաքսենս Կուզուբաշյան

Մաքսենս Կուզուբաշյան

Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1990թ. նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Նրա մեծ պապը դարասկզբին գաղթել է Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից և հաստատվել Ֆրանսիայում, ում որդիներից Մանուկը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և կռվել է ֆրանսիական բանակում: Մանուկ Կուզուբաշյանի անունով այժմ փողոց կա Ֆրանսիայի Շաս սուն Ռոն քաղաքում, որտեղ բնակվում է Մաքսենսը: 15 տարեկան հասակում ընդունվել է Օգուստ և Լուի Լումերների անվան կինոյի հանրային դպրոց, որտեղ ստեղծել է իր առաջին փաստագրական և կարճամետրաժ ֆիլմերը: Ուսանել է նաև կինոյի վերլուծություն և պրակտիկա: 2009թ. ընդունվել է Լիոնի դերասանական ստուդիա, որտեղ ուսումնասիրել է դերասանի վարպետություն: Նույն թվականից նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հեռուստանախագծերում: Նկարահանվել է «Հյուգո Կաբրե» (2010թ.), «Փողոցային պարեր 3» (2011թ.), «Հերիք է լաց լինես, Պենելոպա» (2011թ.), «Անունս Վիոլա է» (2013թ.) ֆիլմերում, «Խելագարվում է նրա համար» (2009թ.), «Դիմադրության վտանգները» (2010թ.), «Վտանգավոր ճանապարհ» (2010թ.), «Խաղից դուրս» (2010թ.), «Միգուցե» (2010թ.), «Համլետ դեմոնստրացիա» (2011թ.), «Աշակերտներ» (2012թ.), «Երկնային սրճարան» (2013թ.) և այլ կարճամետրաժ ֆիլմերում, «Ֆրանս 2», «Ֆրանս 3», «TF1» հեռուստաընկերությունների մի շարք ֆիլմերում, նախագծերում: Խաղացել է նաև «Համլետ», «Կապիկի կաշին», «Գեղեցիկ անտարբերը», «Երկնային սրճարան» ներկայացումներում: 2010թ. հիմնադրել է «Lighting Vision» սեփական պրոդյուսերական կենտրոնը: Բնակվում է Ֆրանսիայում: