Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1923թ. ծնողների հետ հաստատվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ 1939թ-ից մասնակցել է հայկական թատերական ներկայացումներին: 1946թ. տեղափոխվել է Երևան: Կարճ ժամանակ աշխատել է թատրոնի երգչախմբում, ապա` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Դերասանական արվեստը ձևավորվել է Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ: 1948թ. կերտել է առաջին դերը` Հ.Պարոնյանի «Շողոքորթն» ներկայացման մեջ (Թերեզա): Ստեղծել է գրոտեսկային ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ, որոնցից են` Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), «Մեծապատիվ մուրացկաններ» (Շողակաթ), Գ.Գոգուայի «Երկու օրիորդ» (Մինադորա), Ա.Պապայանի «Փարիզեցի փեսան» (Փեփրոնե), «Արևը Ձեզ հետ» (Սոֆիկ), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Զարուհի), Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Մարթա), Ե.Օտյանի «Չարշըլը Արթին աղան» (Եվփիմե), Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Տիկին Փիլոյան), Ժ.Հարությունյանի «Գլխի գինն է հիսուն միլիոն» (Հայաստան), Ա.Բարսեղյանի «Պըլը Պուղի» (Մարիամգյուլի) և այլն: Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների: Նկարահանվել է «Տերն ու ծառան» (1962թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.), «Արևիկ» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Գիքոր» (1982թ.), «Ընկեր Փանջունի» (1980թ.) ֆիլմերում: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: