Ծնվել է 1948թ. նոյեմբերի 29-ին, Ջավախքի Գոման գյուղում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1973թ-ից աշխատել է «Գարուն» ամսագրում` որպես գրական աշխատող, այնուհետև` բաժնի վարիչ ու գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-90թթ եղել է ամսագրի գլխավոր խմբագիրը: 1988-93թթ եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիրն ու ղեկավարը: 1978թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1979թ. «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում Հրանտ Մաթևոսյանիառաջաբանով տպագրված նրա պատմվածքների շարքը թարգմանվել է 21 լեզվով: Եղել է հանրապետության և այլ երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 1000 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ: 1990թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, միաժամանակ` ԳԽ նախագահության անդամ: 1995-99թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի, հեղինակային իրավունքի, ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքները: 1997թ. հիմնադրել է հանրապետության առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը և եղել վերջինիս տնօրենը: Մինչ այդ հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը: 1978թ. արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի դափնեկրի կոչման` «Մոտեցող օվկիանոսը և հեռացող մարդիկ» վավերագրական վիպակի համար, իսկ 1980թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի` «Արարատյան երկիր» էսսեի համար, 1993թ.` ԱՄՆ-ի Լուիզանայի նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման` «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար: 1999թ. պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով: 2006-09թթ եղել է «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2009-11թթ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Արարատ» հեռուստաալիքի տնօրենը: 2011թ. աշխարհի միջազգային համամարդկային ֆոնդի կողմից արժանացել է «Элита мира» շքանշանի: 2011թ-ից նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: 2012թ. հիմնադրել է «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2013թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, 2014թ.՝ Ջավախքի պատվավոր քաղաքացի, ապա՝ Երևանի պատվավոր քաղաքացի կոչման: