Zark Foundation

Միրզա Մելքոմ Խան

Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

11 հուլիս, 1833 - 3 փետրվար, 1908

Հովսեփ Մելքումյան
Ծնվել է Նոր Ջուղայում։ Սկզբնական կրթությունն ստացել է Թեհրանում, ապա սովորել է Փարիզում՝ Մուրադյան վարժարանում և պոլիտեխնիկ ուսումնարանում։ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո վերադարձել է Թեհրան, ուր հիմնել է քոլեջ («Արվեստների տուն»), դասավանդել է բնական ու հասարակական գիտություններ։ 1851թ. նշանակվել է պետական թարգման։ 1856-57թթ պարսկական պատվիրակության կազմում Փարիզում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագրի կնքմանը։ Իրան վերադառնալով 1858թ. հիմնել է «Ֆարամուշխանէ» («Մոռացության տուն») ընկերությունը (որը փաստորեն քաղաքական ակումբ էր), ուր ընդգրկվել են ժամանակի առաջադեմ մտածողներ։ Ընկերությունը պրոպագանդել է Իրանը եվրոպական ձևով բարեփոխելու, ինչպես նաև բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն նախապատրաստելու նրա ծրագրերը։ 1858թ. նշանակվել է պարսկական դեսպանատան խորհրդական Ֆրանսիայում (այդ ժամանակ էլ ընտրվել է ֆրանսիական Արևելյան ընկերության պատվավոր անդամ)։ 1862թ. շահի հրամանով «Ֆարամուշխանէ»-ն ցրել են, իսկ նրան ձերբակալել և աքսորել են երկրից։ Սակայն շուտով հրավիրվել է և աշխատանքի նշանակվել Կ.Պոլսի պարսկական դեսպանատանը, ուր պաշտոնավարել է (ընդմիջումներով, 1871թ. Պարսկաստանի վարչապետի խորհրդականն էր) մինչև 1872թ., ծավալել հրապարակախոսական լայն գործունեություն, թուրքական մամուլում հանդես եկել քաղաքական, տնտեսագիտական հոդվածներով, պարսկերենի ռեֆորմի հարցերով և այլն։ Իր գրական, քաղաքական, հրապարակախոսական աշխատանքը շարունակել է Լոնդոնում, ուր 1873թ. նշանակվել է Պարսկաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։ 1878թ. մասնակցել է Բեռլինի կոնգրեսին, պաշտպանել Պարսկաստանի շահերը ընդդեմ Թուրքիայի։ Այդ ծառայության համար շահը նրան շնորհել է «նազիմ էդ-դոուլե» («մեծ դեսպան»), «միրզա» («իշխան») տիտղոսները և նշանակել (բացի Անգլիայից) նաև Պարսկաստանի դեսպան Գերմանիայում։ 1890-93թթ Լոնդոնում տպագրել է «Կանուն» («Օրենք») պարսկերեն պարբերականը (լույս է տեսել 42 համար), որը կարևոր դեր է խաղացել Պարսկաստանի հասարակական-քաղաքական մտքի զարգացման գործում։ Եղել է պարսկական նոր գրականության ստեղծողներից, գեղարվեստական գրականության մեջ ներմուծել է ժողովրդական խոսակցական լեզուն, հիմք դրել սոցիալական դրամատուրգիային։ Իր կատակերգություններում բացահայտել և ձաղկել է երկրում տիրող չարաշահումները, կաշառակերությունն ու անօրինականությունները։ 1889թ. հեռացվել է պետական ծառայությունից, բայց 1899թ. նորից նշանակվել է Պարսկաստանի դեսպանորդ Հռոմում։ Պարսկական պատմագիտությունը բարձր գնահատելով Մելքումյանին՝ նրան համեմատել է ֆրանսիական լուսավորիչներ Վոլտերի, Ժան Ժակ Ռուսոյի հետ։ Մահացել է Հռոմում։