Ծնվել է Թուրքիայի Կոնիա քաղաքում: 1907թ. ավարտել է Ճենանյան քոլեջը։ 1911թ. Կոնիայում հիմնադրել է «Շավիղ» տպարանը և միաժամանակ դասավանդել Ճենանյան քոլեջում՝ 1912-14թթ խմբագրելով վերջինիս «Իկոնիոն» ամսաթերթը։ 1919թ. Իզմիրում հրատարակել է «Ատրուշան» կիսամսյան, 1924-25թթ Աթենքում՝ «Ֆորթիֆոր» երգիծաթերթը։ 1929թ. ավարտել է Լոնդոնի ժուռնալիստական դպրոցը։ 1935թ. Աթենքում հիմնադրել է «Ատրուշան» տպարան-հրատարակչությունը և 1936-37թթ լույս ընծայել «Ամրոց» շաբաթաթերթը։ 1937թ. Աթենքում հրատարակել է հին հունական դիցաբանությանը նվիրված «Դիցապաշտ Հելլադան կամ Հելլեն դիք» աշխատության Ա հատորը։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան և աշխատել ՀՀ ԳԱ գրականության ինստիտուտում, ապա՝ ԳԱ հիմնակազմ գրադարանում։ Մամուլում հրատարակել է «Գերիի մը հիշատակները», «Այդ սև օրերուն» գրքերը և հատվածներ իր «Հայկական հետքեր Հունաստանի մեջ» աշխատությունից (ԳԱ «Տեղեկագիր», 1956թ. և «Էջմիածին» ամսաթերթ, 1958թ.)։ Մահացել է Երևանում: