Zark Foundation

Միքայել Թավրիզյան

Միքայել Թավրիզյան

Դիրիժոր

14 մայիս, 1907 - 17 հոկտեմբեր, 1957

Ծնվել է Բաքվում: 1923-26թթ սովորել է տեղի կոնսերվատորիայում: 1932թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի ալտի, իսկ 1934թ.` դիրիժորական բաժինները: 1935թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938թ-ից` գլխավոր դիրիժորը, իսկ 1946թ-ից` գեղարվեստական ղեկավարը: Ղեկավարել է Մ.Գլինկայի «Իվան Սուսանին», Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Ջ.Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերի «Հուգենոտներ» և այլ օպերաներ, իրականացրել Ա.Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին», «Հերոսուհի», Ա.Այվազյանի «Թափառնիկոս», Ա.Բաբաևի «Արծվաբերդ» օպերաների առաջին բեմադրությունները: 1948թ. հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում (Ջ.Վերդիի «Ռիգոլետտո», Պ.Չայկովսկու «Իոլանտա»): Դիրիժորի կատարմանը բնորոշ է եղել ռոմանտիկական ոգեշնչվածությունը, մեղեդիական ճկունության և ռիթմի սուր զգացողությունը, անընդմեջ հուզական լարվածությունն ու արտահայտչականության կոնկրետությունը: Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր: Նրա ղեկավարությամբ հնչել են Ա.Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան, Դ.Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիան (Երևանի միացյալ սիմֆոնիկ նվագախումբ) և այլն: «Արշակ Երկրորդ» և «Հերոսուհի» օպերաների բեմադրությունների համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների (1946թ., 1951թ.): 1954-58թթ եղել է ԽՍՀՄ, իսկ 1947-55թթ` Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է «Պատվո նշան» և այլ պետական շքանշաններով: 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1956թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: Միքայել Թավրիզյանի անունով է կոչվել երաժշտական դպրոց Երևանում: