
Արձակագիր, երգիծաբան, թարգմանիչ
3 հունվար, 1879 - 3 հուլիս, 1965
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Իճադիեի Ներսեսյան թաղային դպրոցում, 1891-95թթ՝ Պերպերյան վարժարանում: Ականատես է եղել 1894-96թթ թուրքերի իրականացրած հայկական կոտորածներին: 1896թ. մեկնել է Եգիպտոս, հաստատվել Ալեքսանդրիայում, մինչև 1905թ. տարբեր դատարաններում պաշտոնավարել է որպես քարտուղար: 1905-35թթ աշխատել է Ալեքսանդրիայի Օսմանյան բանկում: 1905թ. Վահան Թեքեյանի հետ հիմնադրել է «Շիրակ» գրական հանդեսը, եղել է եգիպտահայ «Արև» թերթի հիմնադիրներից և խմբագիրը (1920-23թթ): Աշխատակցել է «Ազատ բեմ» (Ալեքսանդրիա), «Այսօր-Ապագա» (Փարիզ), «Արև» (Ալեքսանդրիա) և այլ պարբերականների (Զմյուռնիայում, Լոնդոնում, Պետերբուրգում): Հանդես է եկել Դիտակ, Զարմայր Սահակյան, Համշիրակ Ա., Արսեն Մոլար, Պետրոս Ագաթոն, Հրանտ, Մխիթար Պոնտացի, Ե.Մ. Կյուրօտ (Երվանդ Օտյանի հետ), Մեն Կեն, Սրճեփ Ա., Քանտակ, Պոնտ ծածկանուններով: Գրականություն է մտել իր գլուխգործոցով՝ «Մարտիկ աղա» (1898-99թթ, հրտ. Լոնդոնի «Նոր կյանք» հանդեսում, Պարույր կեղծանունով) երգիծավեպով, որտեղ արտացոլել է եգիպտահայ գաղթականության ծանր կյանքը, կերտել է երգիծական կերպարների մի ամբողջ խումբ: Նրա լավագույն գործերից է Ե.Օտյանի հեղինակակցությամբ գրած «Ֆրանկո-թուրքական պատերազմ» կատակերգությունը, որն առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդրիայում (1903թ.): Երևանում 1962թ-ից բեմադրվել է ավելի քան 200 անգամ՝ «Չարշլը Արթին աղա» անունով: Ե.Օտյանի մահից հետո գրել է կատակերգության երկրորդ մասը՝ «Քսան տարի ետք կամ Ֆրանկո-թուրքական պատերազմը կշարունակվի» (հրտ. 1961թ.) վերնագրով: Կատակերգությունը ոչ միայն 20-րդ դարի սկզբներին ձուլման վտանգի տակ գտնվող արևմտահայ կյանքի պատկերն է, այլև դրա նկատմամբ հեղինակների ունեցած վերաբերմունքի արտահայտությունը: Երվանդ Օտյանի հետ գրել է նաև «Հերոսախաղ» (1908թ., հրտ. 1928թ.) զավեշտը, իսկ Տիգրան Կամսարականի հետ՝ «Փրկանք» դրաման: Սոցիալական հնչեղությամբ աչքի է ընկնում նրա «Հրաշքի մը պատմությունը» պատմվածքը: Հեղինակել է «Ի խորոց սրտի խոսք ընդ պաշտելվույն» (1960թ.) արձակ բանաստեղծությունների ժողովածուն, «Անունին գիշերը», «Նոր լաթ», «Տրդատ ու Տաճատ», «Անջնջելի մատյանը», «Ընտանիք մը» նովելները, «Տուրքը» դրաման, «Սուտը իրավ, իրավը խելոք» վիպակը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, ժամանակագրություններ, գրախոսություններ, չափածո և արձակ թարգմանություններ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում: Մահացել է Կահիրեում: