Zark Foundation

Միքայել Հակոբյան

Միքայել Հակոբյան

Արձակագիր, լրագրող

10 մարտ, 1925 - 25 դեկտեմբեր, 1983

Ծնվել է Հայաստանի Արծվանիկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ 1943-45թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Զորացրվելուց հետո եղել է «Ավանգարդ» թերթի սեփական թղթակիցը Զանգեզուրում, 1947-49թթ՝ գրական աշխատող, ապա պատասխանատու քարուղար Ղափանի «Պղնձի համար» թերթում։ 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1952-54թթ ուսանելու տարիներին, եղել է «Սովետական ուսանողություն» թերթի խմբագիրը։ 1955-57թթ աշխատել է «Ավանգարդի» խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ։ 1957-59թթ եղել է «Առողջապահություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1959-61թթ սովորել է ՀՀ ԳԱ ասպիրանտուրայում։ 1962-65թթ եղել է ՀՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1965-66թթ՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի պատասխանատու քարտուղարը, 1966-69թթ՝ Հայկական սովետական հանրագիտարանի պատասխանատու քարտուղարը, ապա ավագ գիտխմբագիր, 1969-73թթ՝ ՀՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1969թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ, 1973-83թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1974թ. «Գրիգոր Մսերյանը և նրա Մետերոա հանդեսը հայ լուսավորական-դեմոկրատական շարժման մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հրատարակվել են նրա «Անհայտ կորած մարդիկ» (1964թ.), «Որդու վերադարձը» (1968թ.), «Օր առանց մայրամուտի» (1974թ.), «Բաբախող սրտեր» (1981թ.), «Կոմիսարը» (1982թ.) գրքերը, «Մետեորա» հանդեսը արևմտահայ լուսավորական-դեմոկրատական շարժման մեջ» (1977թ.) «Զմյուռնահայ պարբերական մամուլը. 1839-60թթ» (1984թ.), «Զմյուռնահայ պարբերական մամուլը. 1861-80թթ» (1987թ.) ուսումնասիրությունները։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Օր առանց մայրամուտի» գիրքը (1974թ.)։ 1945թ. պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մահացել է Երևանում։