Ծնվել է Բաքվում: 1925թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան` պրոֆեսոր Կ.Մինյարի թավջութակի դասարանը, 1935թ.` Մոսկվայի կոնսերվատորիան` պրոֆեսոր Լ.Գինզբուրգի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարանը: 1927-31թթ Երևանի կոնսերվատորիայում դասավանդել է թավջութակ և կամերային անսամբլ: 1932թ. ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1934-45թթ Մոսկվայի կոնսերվատորիայում եղել է օպերային ստուդիայի դիրիժոր: Նրա աշակերտների թվում են եղել անվանի դիրիժորներ Ռաֆայել Մանգասարյանը և Դավիթ Խանջյանը: 1945թ. Երևան վերադառնալուց հետո կրկին սկսել է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ղեկավարելով օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան և գլխավորելով նվագախմբային գործիքների ամբիոնը (1962թ-ից` պրոֆեսոր): 1945-60թթ և 1966-67թթ եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Վերականգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նահանջ ապրած նվագախումբը (հավաքել է նոր կազմ) և նպաստել այդ կոլեկտիվի անհատական ստեղծագործական դեմքի ձևավորմանը: Իրականացրել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ գործերի պրեմիերաներ: Մեծ է եղել նրա դերը Հայաստանում եվրոպական դասական երկացանկի տարածման գործում: Նրա ղեկավարման տարիներին տեղի են ունեցել ՀՊՖՆ-ի հյուրախաղերը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Մոսկվայում, Լենինգրադում, Մերձբալթյան հանրապետությունների, Ուկրաինայի և Անդրկովկասի քաղաքներում: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: