Ծնվել է Թբիլիսիում: 1961-66թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Ուսմանը զուգընթաց դասախոսել է ԵՊՀ նախապատրաստական բաժանմունքում։ 1969-2012թթ դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 1984թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագրության և հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ» թեմայով։ 2000թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայոց պատմության հիմնահարցերը ռուսական պատմագիտական և հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (18-19-րդ դարերում)» թեմայով։ Հետագայում ստացել է նաև պրոֆեսորի կոչում: Համատեղությամբ Ռուսաստանի քաղաքական պատմություն է դասավանդել Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ Ակտիվորեն մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, այդ թվում՝ Մոսկվայում (1995թ.) և Երևանում (2000թ., 2005թ.) գումարված Հայոց ցեղասպանությանը (1915թ.) նվիրված միջազգային գիտաժողովներին։ Դասավանդել է Ռուսաստանի պատմություն, աղբյուրագիտություն, պատմագրություն դասընթացները: Պատմագիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են միջազգային հարաբերությունների պատմության հիմնահարցերից մինչև Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունը, հայ-ռուսական առևտրատնտեսական, քաղաքական ու միջպետական հարաբերությունները: Հեղինակել է վեց մենագրություն և ավելի քան 30 գիտական հոդվածներ: Հրատարակվել են նրա «Սովետական միության պայքարը հանուն խաղաղության և միջազգային անվտանգության արդի էտապում» (1979թ.), «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագիտական և հասարակական մտքի գնահատմամբ» (1985թ.), «Հայոց ողբերգությունը ռուսական հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ» (1997թ.), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (18-19-րդ դարեր)» (2005թ., հեղինակակից՝ Էդիկ Մինասյան), «Ռուսաստանի պատմության հիմնահարցեր (19-րդ դար)» (2011թ.) աշխատությունները: Արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի, ՀՀ ազգային ժողովի նախագահի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ պատվոգրերի: Մահացել է Երևանում: