Zark Foundation

Միքայել Պատկանյան

Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

2 հոկտեմբեր, 1814 - 1 մայիս, 1895

Ծնվել է Ռուսաստանի Աստրախան քաղաքում: Եղել է բանաստեղծ, մանկավարժ Սերովբե Պատկանյանիորդին և բանաստեղծ, արձակագիր, պատմաբան Գաբրիել Պատկանյանի եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1834թ. ավարտել է Լազարյան ճեմարանը, երեք տարի սովորել Մոսկվայի բժշկավիրաբուժական ակադեմիայում։ 1840թ. տեղափոխվել է Կովկաս, պաշտոնավարել Ստավրոպոլում, Էջմիածնում, ապա հաստատվել Թիֆլիսում, ռուսաց լեզու և պատմություն դասավանդել Ներսիսյան դպրոցում։ 1846-47թթ մասնակցել է «Կովկաս» շաբաթաթերթի խմբագրման աշխատանքներին։ 1851թ. լույս է տեսել նրա «Պարգև մանկանց» դասագիրքը։ 1850-ականներին մասնակցել է արևելահայ թատրոնի կազմակերպման և ստեղծման գործին, դարձել թատրոնի սկզբնավորողներից մեկը Թիֆլիսում։ Թե' իր ստեղծած և թե' փոխադրած պիեսներում շոշափել է այն հարցերը, որոնք հետագայում արծարծվել են հայ ռեալիստական դրամատուրգիայում։ 1853թ. գրել է առաջին պիեսը` «Միջի մարդ կամ մոցիքուլ» (բեմադրվել` 1853թ., հրատարակվել` 1859թ.) կատակերգությունը, որի նյութը թիֆլիսահայ կյանքն է` 1850-ականներին բնորոշ արտահայտություններով։ «Մեկը նշանած, մյուսը կին», «Սատանի փայ», «Շուշանիկ» (պատմական դրամա) պիեսները, որոնք ժամանակին կրքերի բախումներ են առաջ բերել, միայն հատվածաբար պահպանվել են քննադատների հոդվածներում։ Հանդես է եկել կատակերգության կատարելիք դերի և ընդհանրապես թատերական քննադատության մասին հոդվածներով և, լայնորեն օգտագործելով Վ.Բելինսկու «Գրական երազանքները», փորձել է հայ ընթերցողին ծանոթացնել նրա հայացքներին, հանդես եկել քննադատական ռեալիզմի տարրեր պարունակող գեղագիտական որոշակի ծրագրով։ 1861թ. լույս է տեսել գրողի «Կրիտիք Հակոբա Կարենյանց հեղինակության վրա» քննադատական աշխատությունը։ Ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է շատ կատակերգություն-վոդևիլներ և Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Հ.Կարենյանի հետ, 1854թ.)։ Թղթակցել է «Մեղու Հայաստանի» և «Կավկազ» թերթերին։ Մահացել է Թիֆլիսում: