Հովակիմ Սալլանթյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Լիբանանի Սբ. Անտոնի հայ կաթոլիկական վանքում, ապա՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում, որտեղ աշակերտել է Միքայել Չամչյանին։ 1810թ-ից եղել է արքեպիսկոպոս։ 1810-22թթ եղել է Վրաստանի, Աստրախանի և Ղրիմի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդը։ Տիրապետել է լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներին։ 1822թ. ընդունել է լուսավորչական կրոնը, Մոսկվայի Լազարյան ճեմարանում դասավանդել է հայոց լեզու, գրականություն, լատիներեն, աստվածաբանություն, գեղագիտություն։ Եղել է Ռուսաստանում հրատարակվող հայերեն եկեղեցական գրականության գրաքննիչը։ 1827թ. լույս է տեսել նրա «Քերականութիւն գրաբառ լեզուիս հայոց...» դասագիրքը, որը շարադրված է տրամաբանական, ռացիոնալիստական հիմունքներով, որոշ տուրք տվել լատինաբան արհեստական ձևերին։ Տարբերակել է խոսքի երկու տեսակ՝ համր և հնչյունային, հայերենում առանձնացրել է ռամկական կամ գռեհկական և «գիտնական» կամ «գրաբառ» տարատեսակները։ Հրատարակվել են նաև նրա «Կրոնագիտութիւն քրիստոնէական» (1831թ.), «Հրահանգ ճարտասանութեան կամ ճառաբանութեան» (1836թ.), «Պատմութիւն եկեղեցւոյն ուղղահաւատ հայոց» (1840թ.) և այլ աշխատություններ։ Նրա նախաձեռնությամբ լույս է տեսել Լազարյան ճեմարանի սաների ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Մուզայք Արարատեան» խորագրով։ Մահացել է Մոսկվայում: