Zark Foundation

Միքայել Փորթուգալ

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

17 նոյեմբեր, 1842 - 6 նոյեմբեր, 1897

Միքայել Փորթուգալյան փաշա
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1858թ. ավարտել է Փարիզի Մուրադ-Ռափայելյան վարժարանը, որտեղ նրան դասավանդել են Գաբրիել Այվազովսկին, Ղևոնդ Ալիշանը և այլք։ Հետագայում ստացել է տնտեսական ու քաղաքական խորը գիտելիքներ: Հրաշալի տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն, պարսկերեն լեզուներին: 1858թ. վերադառնալով Կ.Պոլիս, մտել է քաղաքական ասպարեզ և 1860թ. որոշ ժամանակ աշխատել Բարձր Դռան թարգմանական վարչությունում, ապա Մեծ (վեզիր) Եպարքոս Ալի փաշայի հետ 1866թ. գնացել Կրետե: Վերադարձին Կ.Պոլսի Մաքսատան վերատեսչի օգնական է նշանակվել և 12 տարի մեծ ծառայություններ մատուցել այս բնագավառում: Նա է ծրագրել լրագրերի դրոշմի և դրոշմաթղթի օրենքը (ակսիզային դրոշմաթղթերը) , անհամեմատ մեծացնելով տերության գանձը: Նրա պաշտոնը բարձրացվել է ու անվանվել ՙԽորհրդական Ելևմտից նախարարության: Սուլթանի հանձնարարությամբ նա Երկրագործական դրամատուն հաստատեց (Զիրաաթ բանկասը, Բանկ Ագրիկոլի նմանությամբ), որի վերատեսուչ է նշանակվել: Եղել է սուլթանի անձնական գանձարանի նախարարը, 1893թ. ստացել է վեզիրի աստիճան։ Դասավանդել է արքունի դպրոցներում, շատ աշակերտներ կրթել: Ունեցել է նաև Կայսերական իշխանների վրա ուսման բարձրագույն հսկողության պաշտոն: 1886թ. ընտրվել է Թուրքիայի տպարանների մասին օրենք պատրաստող խմբի անդամ: Արժանացել է սուլթանական ու օտար արքաների, կառավարությունների բազմաթիվ բարձրագույն պարգևներին: Հրատարակության է պատրաստել Եղիշեի «Վասն Վարդանա և Հայոց պատերազմի» երկի գրաբար բնագիրը, որին ուղեկցում են հեղինակի ու դստեր՝ Աշխեն Փորթուգալի, առաջաբանը, նրա ծանոթագրությունները՝ նվիրված Եղիշեին և նրա երկի տպագրություններին ու թարգմանություններին, Հայաստանի վիճակին, պարսկերենին, պարսից կրոնին, Կովկասի պատմական աշխարհագրությանը։ Հեղինակն իր «Եղիշէի վարդապետի վասն Վարդանայ և Հայոց պատերազմի և քննադատութիւնք Միքայել Փաշայի Փորթուգալ» (1903թ.) քննական ուսումնասիրությունում հատուկ ուշադրություն է դարձրել Վասակ Սյունու պատմական դերի գնահատմանը։ Մահացել է Կոստանդնուպոլսում։