1263թ. Շնորհավոր Աղբար ճարտարապետի հետ կառուցել է Գոմուր (այժմ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմք) գյուղի խաչքար-մահարձանը։ Երկթեք ծածկով որմնափակ գեղաքանդակ խաչքարին արևելքից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև փոքրիկ աբսիդով թաղակապ մատուռ-դամբարանը։ Նրա միակ՝ հյուսիսային դռան ճակտոնապատը զարդարված է խաչաձև, ծաղկեհյուս քանդակներով ու ստալակտիտներով։ Արևելյան ճակատի լուսամուտից վեր տեղադրված հարթաքանդակում պատկերված է Պռոշյանների տոհմական զինանշանը՝ թևատարած արծիվ՝ խոյը ճանկերում բռնած։ Խաչքարը և մատուռը ճարտարապետական միասնություն են կազմում, հորինվածքով ու կերպարով եզակի՝ միջնադարյան Հայաստանի հուշակոթողների շարքում։ Խաչքար-հուշարձանի շինարարական արձանագրությունում նշվում է, որ նույն ճարտարապետները գյուղում կառուցել են նաև եկեղեցի ու ժամատուն (չեն պահպանվել)։