Zark Foundation

Մկրտիչ Ավգերյան

Մկրտիչ Ավգերյան

Լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան, թարգմանիչ

11 նոյեմբեր, 1762 - 3 մարտ, 1854

Ծնվել է Անկյուրայում (այժմ՝ Անկարա, Թուրքիա)։ Եղել է լեզվաբան, բառարանագիր Հարություն Ավգերյանի եղբայրը: 1774թ. մտել է վանք, դարձել հոգևորական։ Վարել է դասատուի, վերակտցուի, ինչպես նաև Կ.Պոլսում՝ քարոզչի պաշտոններ: Եղել է Վենետիկի Սխիթարյան միաբանության անդամ, 30 տարի՝ միաբանության խորհրդական, 20 տարի՝ ընդհանուր աթոռակալ։ Ծավալել է բեղմնավոր գրական գործունեություն, թողել ինքնուրույն ու թարգմանական հարուստ ժառանգություն։ Իբրև աստվածաբան՝ հայտնի է բազմաթիվ երկերով, որոնցից ամենանշանավորը «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ.1-12, 1810-15թթ) աշխատությունն է, ուր ամփոփել և լուսաբանել է «սրբերի կյանքը», կատարել բանասիրական վերլուծություններ ու ճշգրտումներ։ Առանձին արժեք ունի 12-րդ հատորը («Մնացորդք վարուց սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի ճառընտիրս հայոց, որպէս և յունաց և լատինացւոց», 1815թ.), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է և աչքի է ընկնում տոնացույցից դուրս մնացած սրբերին վերաբերող տվյալներով։ Նրա գրական ժառանգության պսակը «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ ինչպես ընդունված է ասել՝ «Նոր հայկազեան բառարան»-ն է (հ.1-2, 1836-37թթ)։ Կազմել և խմբագրել է բառարանի է-ֆ տառերի բառացանկը և բառահոդվածները, գրել է առաջաբանը՝ «Նախադրունք»-ը, «Հավելված»-ը։ Զգալով ավելի գործնական բառարանի անհրաժեշտություն՝ համառոտել է «Նոր հայկազեան բառարան»-ը, կազմել «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846թ.), ուր բառերը ներկայացված են իրենց իմաստային նշանակություններով, քերականական բացատրություններով, շատ անգամ նաև թուրքերեն համարժեքներով։ Հսկայական աշխատանք է կատարել թարգմանության բնագավառում։ Լատիներենից գրաբար է թարգմանել լատին եկեղեցու հայրերի և վարդապետների գործեր, հայերենից լատիներեն՝ հայոց եկեղեցու հայրերի երկեր։ Տպագրված թարգմանություններից են Հեթում Պատմիչի «Պատմութիւն թաթարաց» (1842թ.), Ալեքսանդր Տասսոնի «Ապացոյցք կրօնի և պատասխանատուութիւնք» (1844թ.), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք» (1849թ.), Կիկերոնի «Յաղագս պատշաճից» (1845թ.), Գրիգոր Մեծի «Կանոն հովուական» (1846թ.) և այլ հեղինակների գործեր։ Գրաբարից լատիներեն է թարգմանել Փիլոն Եբրայեցու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը (մաս 1-2, 1818թ.), որոնց հունարեն բնագրերը կորած են։ «Քրոնիկոն»-ը ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները։ Գրել է կրոնաբարոյախոսական բնույթի չափածո և արձակ երկեր։ Նրա որոշ աշխատություններ՝ «Բարի խորհուրդներ» (1809թ.), «Դեղ կենաց, որ է հոգևոր բժշկարան» (1810թ.), գրված են արևմտահայերենով և շատ կարևոր են վերջինիս պատմության ուսումնասիրության համար։ Մահացել է Վենետիկում։