Ծնվել է 1976թ. օգոստոսի 10-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի թիվ 23 և թիվ 14 միջնակարգ դպրոցներում: 1992-97թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: 1995-96թթ խաղացել է համալսարանի, 1997-2002թթ` պոլիտեխնիկական ինստիտուտի «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թմերում: 2002թ. ընդգրկվել է 21-րդ դարի ՈւՀԱ հավաքական և մասնակցել Մոսկվայում կայացած հոբելյանական խաղին: 1998-2002թթ, որպես սցենարիստ և դերասան, աշխատել է «Շարմ» ընկերությունում` «220 վոլտ» (1996թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Թույն կասետ» (2000թ.), «Ուրիշ կասետ» (2000թ.), «Բանդա» (2000թ.) նախագծերի շրջանակներում: 2002թ. ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես տնօրեն, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր: Համատեղ հեղինակել է և որպես դերասան մասնակցել հետևյալ նախագծերին` «Կարգին հաղորդում» (2002-09թթ), «Կարգին մուլտեր» (2007-09թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ) հեռուստանախագծեր, «7.5» (2011թ.), «No Comment» (2013թ.) հումորային ներկայացումներ: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի և կինոնկարահանումների, ինչպես նաև` թատերական ներկայացումների: Նկարահանվել է «Ալա Բալա Նիցա» (2011թ.), «Քայլ ձիով» (2013թ.), «Պապ 005» (2013-14թթ), «11:44» (2015թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.), «Ռեստարտ 2020» (2016թ.), «Փախիր կամ ամուսնացիր» (2016թ.), «Գործակալ 044» (2018թ.) և այլ ֆիլմերում, «Տնփեսա» (2014-15թթ) հեռուստանախագծում: 2019թ. նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Քաոս» բազմասերիանոց ֆիլմում: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: