Zark Foundation

Մկրտիչ Թաշճյան

Մկրտիչ Թաշճյան

Դերասան, բեմադրիչ

23 փետրվար, 1888 - 28 փետրվար, 1958

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Եղել է դերասանուհի Սյուզան Գարագաշի ամուսինը: Կոստանդնուպոլսում կարճ ժամանակ ապրելուց հետո ընտանիքով վերադարձել է Ալեքսանդրիա, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը: 1906թ. սկսել է բեմական գործունեությունը Թիֆլիսում: Նրա առաջին դերերից մեկը եղել է Լաերտը` Վ.Շեքսպիրի «Համլետ» պիեոում: 1908-09թթ մասնակցել է Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբի և Զուբալովի ժողովրդական տան ներկայացումներին՝ դառնալով Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Ազնիվ Հրաչյայի և այլ նշանավոր դերասանների խաղընկերը: Նրա թատերախմբերում տարբեր տարիների խաղացել են Վահրամ Փափազյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և ուրիշներ: 1917թ-ից բնակվել և ստեղծագործել է Թավրիզում, 1930-ական թվականներից` Թեհրանում, ապա` Աբադանում: Եղել է ռեալիստական խաղաոճի դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարով), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար աղբար), Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո) և այլն: Ձևավորել է իր բեմադրությունները: Մահացել է Աբադանում: