Zark Foundation

Մկրտիչ Ճիվանյան

Մկրտիչ Ճիվանյան

Գեղանկարիչ

6 հոկտեմբեր, 1848 - 14 փետրվար, 1906

Ծնվել է Կոստանդնուպոլիսի արվարձաններից մեկում` Բոսֆորի ափին բարձրացող Պեշիկթաշ հայաշատ գյուղում, արքունական երաժշտի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում` նկարչության ուսուցիչ Ա.Սարգսյանի դասարանում, միաժամանակ ծնողների ցանկությամբ այցելել է տարբեր արհեստավորական և առևտրական ընկերություններ: Մասնագիտացել է Կ.Պոլսի Սբ. Փրկիչ ազգային վարժարանում, ապա` ֆրանսիացի նկարիչ Մասոնի մոտ (1871-73թթ): 1876-79թթ կատարելագործվել է Իտալիայում: 1860-ական թվականներին հաճախել է Կ.Պոլսի Հ.Գասպարյանի թատրոն-կրկես` «Ամառային թատրոնը» և դարձել թատրոնի նկարիչ-ձևավորող Հարություն Հեքիմյանի օգնականը, մասնակցել բեմադրությունների ձևավորումների: 1860-70-ական թվականներին աշխատել է սուլթանական պալատում` մասնակցելով որմնանկարչական աշխատանքների, մասնակցել է ճարտարապետներ Բալյանների կառուցած շենքերից մի քանիսի ներքին հարդարմանը: Ստեղծագործությունների շարքում զգալի մաս են կազմում Հովհաննես Այվազովսկու արվեստից ներշնչված երկերը, ում հետ անձնապես ծանոթացել է ծովանկարչի Կ.Պոլիս այցելության ժամանակ: 1882թ. մասնակցել է Պիրեայում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացել է 4 աշխատանք` «Լորդ Բայրոնի երազը», «Գարուն», «Առավոտ ծովի վրա», «Հրդեհ Ստամբուլում»: Ստեղծել է նաև Ոսկեղջյուրի և Բոսֆորի ափերը պատկերող ռոմանտիկ բնապատկերներ` «Ալեհույզ ծովը փոթորկից առաջ» (1894թ.), «Ֆեներիի փարոսը», «Լորդ Բայրոնի երազը» և այլն: Վարպետորեն է վերարտադրել օդի և լույսի համադրումն ու դրանց ելևէջումների նյութականությունը: Համիդյան ջարդերի տարիներին հեռացել է Կ.Պոլսից և հաստատվել Օդեսայում, որտեղ բնակվել է շուրջ յոթ տարի, այնուհետև չորս տարի Պետերբուրգում: 1905թ. վերադարձել է ծննդավայր և մեկ տարի անց մահացել: