Ծնվել է Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքում: Հայտնի է եղել նաև «Զեյթունցի» անունով: Սովորել է ծննդավայրի Կեդրոնական վարժարանում։ Զբաղվել է ուսուցչությամբ։ Մասնակցել է Զեյթունի 1862թ. ապստամբությանը, որի ճնշումից հետո, հոկտեմբերին Կ.Պոլիս է հասցրել ապստամբության լուրը և հանգանակություն կազմակերպել զեյթունցիների օգտին։ 1895թ. թուրքական իշխանությունները ձերբակալել են նրան։ Յոթնամյա բանտարկությունից հետո անցել է Կիպրոս, Ալեքսանդրիա, ապա՝ Ժնև։ 1908թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Զեյթուն, ապա հաստատվել Բուխարեստում։ «Զեյթունի անցյալեն և ներկայեն» երկմաս աշխատության (1900թ., 1903թ.) մեջ շարադրել է Զեյթունի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև 19-րդ դարի վերջը։ Գիրքը արժեքավոր տվյալներ է պարունակում Զեյթունի բնակչության զբաղմունքի, կրթական գործի, եկեղեցիների ու վանքերի, աշխարհագրական միջավայրի, կենդանական աշխարհի մասին։ Առանձնահատուկ տեղ է տրված Զեյթունի ինքնապաշտպանության կռիվներին և թուրքական լծի դեմ ազատագրական պայքարին։ Մահացել է Երուսաղեմում: