Zark Foundation

Մովսես Արծկեցի

Մովսես Արծկեցի

Գրիչ, մատենագիր

15-րդ դար

Նրա մասին առաջին անգամ հիշվում է 1460թ., հոր՝ Դանիել քահանայի ընդօրինակած Ավետարանի հիշատակարանում՝ որպես դպիր։ Գործել է Բզնունյաց գավառի Արծկե քաղաքում, նաև Ամիդում՝ գրչագրելով տարբեր բնույթի ժողովածուներ։ Պահպանված ամենավաղ ձեռագիրը գրված է 1472թ., վերջինը՝ 1493թ.։ Նրա գրած հիշատակարանները պարունակում են պատմական հարուստ տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների տարածքի վրա կարա-կոյունլու, ակ-կոյունլու ցեղախմբերի և Սեֆյան տիրակալների մղած պատերազմների մասին։ Հատկապես արժեքավոր են նրա չափածո տարեգրությունը և եվրոպական երկրների հետ Ուզուն-Հասանի վարած դիվանագիտական հարաբերություններում նշանավոր դեր խաղացած հայ մեծահարուստ Միրաք Թավրիզեցու նահատակության (1486թ.) պատմությունը։ Արծկեցու գրչին է պատկանում չափածո «Տարեգրություն» երկը, որի հեղինակային ձեռագիր-բնագիրը ժամանակին գտնվել է Բաղեշի (Բիթլիս) Ամրդոլու վանքի մի ձեռագիր գանձարանում։ 1480թ. Արծկեի վանքում Հակոբ գրիչը սկսել է մի «Հայսմավուրքի» ընդօրինակումը, որը հետագայում շարունակել է Մովսես վարդապետը։ 1482թ. ընդօրինակել է «Շարակնոցը», 1485թ.՝ «Տոնացույցը» և «Աղթարքը»։ Իր գրչակից ընկեր Հակոբի հետ «ի խնդրոյ աստուածասեր տանուտիրոջն պարոն Խալիֆին» 1491թ. ընդօրինակել է Մշո ճառընտիրը, որն այժմ պահվում է Երևանի Մատենադարանում։ Հիշատակարանի վերջում Մովսեսն աղաչում է, որ աղոթքներում հիշեն Հակոբին և իրեն։