Zark Foundation

Մովսես Երզնկացի

Մովսես Երզնկացի

Մատենագիր

4 մայիս, 1250 - 22 մարտ, 1323

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Անի-Կամախ բնակավայրում, ազնվատոհմ ընտանիքում: Եղել է իր ժամանակի ամենազարգացած, հեղինակավոր հոգևորականներից: Սկզբնական կրթությունն ստացել է Սեպուհ լեռան վրա գտնվող Երզնկայի Ավագ վանքում, ապա ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Վարդապետական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով 1290-ական թվականներին մեկնել է Կիլիկիա, սովորել Սկևռայի և Արմենի դպրոցներում՝ աշակերտելով նշանավոր մանկավարժ Գևորգ Սկևռացուն։ Կատարել է Աստվածաշնչի ընդօրինակություն (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) և նվիրել Երզնկայի Գրիգոր Լուսավորիչ վանքին: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը: Գրել է մեկնողական, դավանական, խրատական-կանոնական, չափածո և այլ բնույթի գործեր: Մեկնողական գործերից են «Մեկնութիւն ժամակարգութեան» և «Հաւաքումն համառօտ մեկնութեան սրբոյ պատարագին, զոր յառաջագոյն արարեալ է սրբոց լուսաւոր հարցն» խմբագիր աշխատությունները: Ժամակարգության մեկնությունը Խոսրով Անձևացու մեկնության խմբագրությունն է, որտեղ նա որոշ հավելումներ է կատարել Հովհաննես Գ Օձնեցու, Մովսես Քերթողի և Ստեփանոս Սյունեցու գործերից: Մեկնությունում վերլուծվել են հայոց եկեղեցական օրհնությունները, աղոթքներն ու մաղթանքները, քարոզները, դրանց արարողակարգը: «Հաւաքումն համառօտ մեկնութեան սրբոյ պատարագին...» վեց մասից բաղկացած աշխատությունը գրել է 1293թ., Երզնկայում, ուսուցչի՝ Հովհաննես Երզնկացու (Պլուզ) խնդրանքով: Հեղինակն օգտվել է շուրջ 10 աղբյուրներից, որոնցից քաղել է և՛ ամբողջական, և՛ կրճատումներով հատվածներ: Առաջադրության մեջ անդրադարձել է ս. Հաղորդության խորհրդի հաստատման կարևորությանը և նրա հետ առնչվող հարցերին (աշխարհի ստեղծում, առաջին մեղք, Երկնավոր Հոր մարդասիրության երևան գալն իր Միածին Որդուն աշխարհ ուղարկելով, մարդկանց մեղքերի թողության և նրանց բժշկության համար Որդի Աստծո զենում, Քրիստոսի պատվերը Վերջին ընթրիքի ժամանակ և այլն): Իր խրատներն է հղել ապագա սերունդներին ս. Հաղորդության խորհրդին մասնակցելու և Քրիստոսի մեղսաքավիչ մարմինը ճաշակելու համար: Դավանական աշխատություններում հանդես է եկել որպես Հայ եկեղեցու դավանության, ծիսակարգի, սովորությունների ջերմ պաշտպան: «Ոսկեփորիկ» ժողովածուն 200-ից ավելի խրատներ, վարքեր, դավանական այլընտրական նյութեր պարունակող հավաքածու խմբագիր աշխատություն է: «Պատասխանիք թղթոյն Տրապիզոնի առ հատուածեալն Գրիգոր երեց» դավանական թուղթը Տրապիզոնի հունադավան Գրիգոր քահանայի՝ Հայ եկեղեցու մասին գրած ամբաստանագիր-թղթի պատասխանն է: Նրա հակաճառական պատասխանից երևում է, որ Գրիգոր երեցը մտադիր է եղել արձանագրել Հայ եկեղեցու «թերությունները» ըստ հունադավան միտումների, այն է՝ հաղորդության բաժակի մեջ ջուր խառնել, Սուրբ Ծնունդը տոնել դեկտեմբերի 25-ին և ոչ՝ հունվարի 6-ին, դավանել «երկու բնութիւն ի Քրիստոս», Հովհաննես Մկրտչի ծնունդը տոնել հունիսի 25-ին և ոչ՝ հուլիսի 11-ին, «Լուսոյ» յուղը (մեռոն) պետք է միայն պտղի ձեթ լինի և ոչ այլ նյութից և այլն: Քաջատեղյակ դավանական և ծիսական խնդիրների բոլոր նրբություններին, խոր վերլուծություններով ապացուցել է Հայ եկեղեցու ընդունած սկզբունքների ճշմարտացիությունը: «Ընդդիմադրութիւն սակս ջրոյն խառնման ի սուրբ խորհուրդն ի թուին Հայոց ՉԾԸ» չորս մասից բաղկացած թուղթը գրել է Սսի 1307թ. ժողովի որոշումներին ընդդիմացած արևելյան վարդապետների անունից: Թղթի առաջին մասում մեջբերել է ժողովի արձանագրությունը, ըստ որի՝ Սսի ժողովականները որոշում են կայացրել Հայ եկեղեցում ընդունելու հաղորդության բաժակի մեջ ջուր խառնելու սովորությունը: Երկրորդ մասում ընդհանուր գծերով անդրադարձել է ժողովի անմտությանն ու անօգտակարությանը, երրորդում՝ խոսել է Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի Զատկի ճառի գրության պատճառի մասին և ապա մեջբերել այդ ճառից մի հատված՝ ցանկանալով ապացուցել, որ չպետք է հավատալ Արևմուտքի եկեղեցիների կեղծ ուսմունքներին ու խոստումներին և մոռանալ Հայ եկեղեցու առաքելահաստատ դավանանքն ու ավանդությունները: Թղթի չորրորդ մասը առաջինի, այսինքն՝ Սսի ժողովի որոշումների հակաճառությունն է: Սսի ժողովն անվանել է հակականոնական, անիմաստ մի հավաքույթ, որին «սուտ ժողովոյս պարտ է ասել և ոչ՝ սուրբ»: «Մովսէսի վարդապետի ասացեալ ի խնդրո Յակոբայ» խրատական-կանոնական երկը գրել է 1322թ., Երուսաղեմում: Այն հայտնի է նաև «Մովսէսի Երզնկացւոյ Դաւանութիւն հաւատոյ» վերտառությամբ, թեև հեղինակը միայն առաջին տողում է անդրադառնում հավատքի դավանությանը՝ «Հաւատոյ դաւանութիւնն ծանոթութիւն է առ Աստուած» (Երևանի Մատենադարան): Ըստ էության երկը նվիրված է կրոնավորի վարքին, նրա գործունեությանը: «Խրատ կանոնականքը...» մեզ է հասել տասնյակ ընդօրինակություններով և զետեղված է հեղինակի «Ոսկեփորիկ» ժողովածուում՝ իբրև առաջաբան: Խրատականում հիմնականում խոսվում է աշխարհիկ մարդկանց վարք ու բարքի, եկեղեցու և ծիսակատարությունների նկատմամբ նրանց պարտականությունների մասին: Հիշարժան է նաև ուսուցչի՝ Գևորգ Սկևռացու մահվան առիթով գրված «Ողբը» (1301թ.): Գրել է նաև «Մարգարէից սա սերմանումն» տաղը, որի տների առաջին տառերը հոդում են «Մովսէսի է սա» նախադասությունը։ 1301թ-ից մինչև խոր ծերություն ուսուցչություն է արել Սբ. Գրիգոր Լուսավորիչ վանքում՝ արժանանալով «հայոց վարդապետ», «գերահռչակ րաբունապետ» կոչման։ Մահացել է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքում: