Zark Foundation

Մովսես Կարնեցի

Մովսես Կարնեցի

Բանաստեղծ

17-18-րդ դար

Եղել է տաղասաց, դպիր։ Նրանից մեզ հասել է 14 տաղ, որոնք հիմնականում հոգևոր բնույթ ունեն։ Կան այլաբանական տաղեր՝ նվիրված բնությանը, գարնանը, սիրուն։ «Ողբ ի վերայ ազգին մերոյ ասացեալ ի Կարնեցի Մովսէս դպրէ» տաղում ներկայացնում է հայ ժողովրդի տառապյալ վիճակը օտարի լծի տակ, ավաղում, որ հայրենիքը զրկվել է պետականությունից և իրեն ողբակցելու է կոչում Սահակ Պարթևին ու Ներսես Լամբրոնացուն, ակնարկում հոգևորականների մի մասի անկյալ բարքերը։ «Եկեղեցիք՝ պանդոկք, իշխանք՝ գողակից» ձևակերպումով արտահայտում է իր դժգոհությունը ապրած ժամանակաշրջանից։ «Տաղ ազնիւ... ղարիպութեան» ստեղծագործության մեջ, որի սկզբնատողն է «Մեկնեցայ հայրենեացն իմ աստ մնալով», հեղինակը միջնադարյան պանդխտության երգերի պատկերներով խոսում է իր հոգևոր պանդխտության մասին։ Հաճախ օգտագործել է «Երգ երգոց»-ից առնված պատկերներ։ Տաղերը գրված են ժամանակի համար մատչելի գրաբարով, կան նաև խառը՝ հայերենի ու թուրքերենի համադրությամբ տաղեր։ Երբեմն օգտագործվում է երկխոսության ձևը, որն ավելի հասկանալի է դարձնում պատումը ։ Նրա տաղերի մեծ մասը պահպանվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի ձեռագրերում, տաղերի օրինակներ կան նաև Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։