Հայտնի է եղել նաև որպես Սյունեցի: Հայ հին մատենագրության մեջ նույնացվել է Մովսես Խորենացու հետ: Ըստ Ստեփանոս Օրբելյան պատմիչի, 722-729թթ եղել է Սյունիքի մետրոպոլիտը։ Լինելով Շաղատի վարդապետարանի շրջանավարտ և նրա սյուներից մեկը, դարձել է Ստեփանոս Մեծ Սյունեցու ուսուցիչը, որի կրթության ու դաստիարակության խնդրին առանձնահատուկ նշանակություն է տվել։ Հայտնի է եղել որպես խոշոր քերական, ինչպես նաև հոգևոր երգերի հեղինակ և թարգմանիչ։ Նիկողայոս Ադոնցը նրանն դրել է հույն քերական Դիոնիսիոս Թրակացու (մ.թ.ա. 2-1-ին դար) «Քերականական արվեստ» աշխատության հայ նշանավոր մեկնիչների շարքում։ Իսկ այդ երկը հայերեն էր թարգմանվել 5-րդ դարում և հիմք հանդիսացել հայերենի ուսումնասիրության տեսության մշակման և հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար։ Իր մեկնության մեջ անդրադարձել է հայերենի հնչունաբանությանը, դասակարգել խոսքի մասերը, ըստ այդմ՝ առաջնայինը համարելով գոյականը (անունը)՝ որպես էության արտահայտություն, ուստի և բայը ստրոդասել է նրան։ Վերլուծել է նաև հոլովների, հոլովումների, բառաբարդման, ձևի քերականական հասկացության հետ կապված և մի շարք այլ հարցեր: Արժեքավոր է նրա «Յաղագս կարգաց եկեղեցւոյ» գրվածքը (հրտ.՝ 1930թ.), որտեղ հայ միջնադարյան երաժշտատեսական մտքի պատմության մեջ առաջին անգամ տրված է հայկական ութձայն համակարգի զուտ եկեղեցական շրջանակներում ձևավորված նորովի գեղագիտական մեկնությունը: Վերջինս, ի տարբերություն հեթանոսական աշխարհիկ երաժշտական մշակույթի վերապրուկներն արտացոլող այլ «ձայնից մեկնությունների», հատկանշվում է իր ժամանակի աստվածաբանական պատկերացումներով, որտեղ նկատելի է հայրախոսական, մասնավորաբար` արիոպագիտյան (Դիոնիսիոս Արիոպագացու և նրան վերագրված գործերի) գրականության ազդեցությունը: Հստակորեն զատորոշված 4 բուն, 4 կողմ և 2 ստեղի ձայնեղանակներն այստեղ բնորոշվում են նաև ըստ իրենց զգայական-բարոյաբանական բնույթի, նշված է ժամերգության մեջ կատարվող ընդհանրացած երգասացությունների պատկանելությունը այս կամ այն ձայնեղանակին: «Յաղագս կարգաց եկեղեցւոյ» գրվածքը, ըստ երևույթին, պաշտոներգության տարբեր (ծիսական, գեղագիտական, երաժշտատեսական և գործնական) հարցեր շոշափող մեկնողական բնույթի մեծածավալ երկասիրության պահպանված մի հատվածն է, որը մեծ ազդեցություն է թողել հայ գեղագիտական մտքի հետագա զարգացման վրա: Հայ եկեղեցին ս. Մովսես Քերթողի հիշատակը նշում է Խաչվերացի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` «սրբոց թարգմանչաց վարդապետաց» տոնի հետ, հոկտեմբեր ամսին: