Մարգար Հասրաթյան
Ծնվել է ՀՀ Ախլաթյան (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ախլաթյան և Լոր գյուղերի ծխական դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել է Բաքվի առևտրական ուսումնարանում։ Ուսանողական տարիներին ունկնդրել է Ստեփան Շահումյանին, Սերգո Օրջոնիկիձեին և այլ հեղափոխականների։ 1918-20թթ մասնակցել է Բաքվի կոմունային, Հյուսիսային Կովկասի հեղափոխական և ազգամիջյան շարժումներին։ Ծննդավայր վերադառնալուց հետո 1920թ. ակտիվ մասնակցություն է ունեցել զանգեզուրյան հեղափոխական շարժումներին։ Բազմիցս հետապնդվել է դաշնակցականների կողմից։ 1922-24թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական բաժնում, որտեղ ունկնդրել է Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Հակոբ Մանանդյանին, Լեոյին և ուրիշների։ 1925-27թթ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջադրանքով զբաղվել է Սիսիանի, Գորիսի, Դիլիջանի շրջանների կոմերիտական կազմակերպությունների ստեղծման աշխատանքներով։ 1930թ. էքստերն կարգով ավարտել է համալսարանը և գործուղվել Լենինգրադ՝ կրթությունն ասպիրանտուրայում շարունակելու համար։ Այդ տարիներին Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ խորացել է հայագիտության մեջ, ուսումնասիրել ռուսական գիտության և մշակույթի նվաճումները։ 1932թ. ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Երևան։ 1933-35թթ եղել է պատմության ու նյութական մշակույթի ինստիտուտի տնօրենի տեղակալը, Հեղափոխության թանգարանի տնօրենը և ՀԿ(բ)Կ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալը: 1937թ. նշանակվել է Երևանի Մատենադարանի տնօրեն: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1938թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1940թ. արդարացվել է և վերադարձել Երևան: 1964-75թթ եղել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, 1965-66թթ՝ Բեյրութի Հայկազյան քոլեջում: 1950թ. մասնակցել է Գառնիի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, միաժամանակ գլխավորել Զանգեզուրի հնագիտական պեղումները։ 1947թ. ուսումնասիրել է Հայաստանի հնագույն հուշարձաններից մեկը՝ Ծիծեռնավանքի եռանավ բազիլիկան, բացահայտել դրա առանցքային նշանակություն ունեցող դերը հայ ճարտարապետության ձևաստեղծման ընթացքում։ Նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ: Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական ձեռնարկի (1951թ., 1956թ.) և «ԽՍՀՄ պատմության ուրվագծեր»-ի (ռուսերեն) ստեղծմանը: Հայերեն չափածո թարգմանել է Սայաթ-Նովայի վրացերեն և ադրբեջաներեն խաղերը: Կազմել, խմբագրել ու ծանոթագրել է Սայաթ-Նովայի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղեր» ժողովածուն (1963թ.): Գրել է նաև «Հայաստանի հուշարձանները» (համահեղինակ՝ Վ.Հարությունյան, Բեյրութ 1975թ.): Եղել է Հայաստանի հեղափոխական շարժումների և կոմունիստական կուսակցության պատմության առաջին ուսումնասիրողներից: 1963թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: