Zark Foundation

Մուշեղ Բագրատունի

Մուշեղ Բագրատունի

Երգիծաբան, լրագրող

2 նոյեմբեր, 1870 - 15 նոյեմբեր, 1945

Փալանդուզ Մկո
Ծնվել է Հայաստանի Կարբի գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Սովորել է ծննդավայրի ծխական, ապա՝ Շամախու դպրոցներում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ տարվել է հեղափոխական գործունեությամբ։ 1893-1905թթ եղել է Հնչակյան կուսակցության անդամ: 1904թ. ձերբակալվել է ցարական ոստիկանների կողմից և ուղարկվել բանտ՝ արգելված գրականություն տարածելու համար։ 1905թ. բանտից ազատվելով՝ մտնում է բոլշևիկյան կուսակցության շարքերը և իր եռանդուն մասնակցությունն ունենում 1905-06թթ հեղափոխական շարժումներին։ 1906թ. ընտրվել է կուսակցության Երևանի կոմիտեի անդամ, աշխատակցել Բաքվում և Թիֆլիսում հրատարակող «Կայծ», «Նոր խոսք» և «Օրեր» թերթերին։ Միայն այդ տարում բոլշևիկյան թերթերում տարբեր ծածկանուններով (Նար, Նարեմյան, Մե-Բունի, Մար-Տօ, Կար-Դան, Ջաննիկ, Փալանդուզ Մկո, Անցվորական, Լուկուլլոս) տպագրել է 23 հոդված։ 1911թ. Երևանում լույս է ընծայել «Կռան» առաջադիմական թերթերը։ «Կռանում» մեծ տեղ են գրավել նաև արևմտահայ կյանքը լուսաբանող հոդվածներ։ «Թուրքահայ խնդիրը», «Հայերի վիճակը Տաճկաստանում» և այլ հոդվածներ, որտեղ նա բարձրաձայն մերկացրել է Թուրքիայի վարած քաղաքականությունը հայերի հանդեպ։ 1912թ. դեկտեմբերին փակվել է թերթը, սակայն չի վհատվել, 1913թ. հունվարից սկսել է հրատարակել «Նոր մամուլ» անունով շաբաթաթերթը, որը գալիս էր լրացնելու և շարունակելու «Կռանին»։ Թերթը նույնպես անդրադարձել է հայ ժողովրդի կացությանը, նրա ճակատագրին։ Նա իր մի շարք ֆելիետոններում բացահայտ զենքի ուժով օտարի լծից ազատվելու գաղափար է տարածել։ 1916-20թթ աշխատակցել է «Պայքար», «Խոսք», «Պահակ» և այլ պարբերականների։ Իր խմբագրած թերթերում քննադատել է նաև դաշնակցական կուսակցությանը, մերկացրել դրա գործունեությունը։ 1920թ. Մայիսյան խռովությունը ճնշելուց հետո ձերբակալվել է և աքսորվել Բաշ-Գառնի։ Բաշ-Գառնի աքսորավայրից նա անցել է Պարսկաստան և միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո վերադարձել Հայաստան։ 1921թ. դարձել է Բաշ-Գառնիի գյուղհեղկոմի առաջին նախագահը։ Խորհրդային տարիներին շարունակել է իր գրական գործունեությունը, զբաղվել ուսուցչությամբ, աշխատակցել «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերին, «Մոծակ» և «Աշխատանք» ամսագրերին, գրել «Կրոնի թույնը» երգիծական պատմվածքների ժողովածուն (1930թ.), «Շնագայլեր» երգիծական վեպը։ Իսկ 1914թ. նրա գրած «Ծիծաղի արցունքները, շոռշոռաքարափը» պատմվածքի հիման վրա Համո Բեկնազարյանը 1926թ նկարահանել է «Շորն ու Շորշորը» ֆիլմը։ 1937թ. Երևանում ստալինյան ռեժիմի կողմից ձերբակալվել է և հավանաբար գնդակահարվել է մինչև 1945թ., երբ նրա զավակները ստացել են նրա մահվան ծանուցումը։