Մուշեղ Մանուկյան
Ծնվել է Հայաստանի Մեհրիբան (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր) գյուղում: Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։ Մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հետագայում բազմաթիվ երկեր է հեղինակել ջարդից վերապրած սասունցիների մասին: Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրել է իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերել է ճանաչում։ Նրա ստեղծած կերպարները իսկական «Սասնա ծռեր» են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը։ Մի շարք պատմվածքներ ամփոփել է «Մարութա սարի ամպերը» ժողովածուի մեջ, որը գրողի լավագույն գործն է, իսկ դրանց մեջ լավագույններից մեկը՝ «Դավոն» պատմվածքը։ Հրատարակվել են նրա «Կռունկ» 1969թ., «Ընծայագիր» 1972թ., «Ծաղկած քարեր» 1973թ., «Բովտուն» (վեպ, 1974թ.), «Մարութա սարի ամպերը» (պատմվածքներ, 1981թ.), «Մամփրե արքան» (պատմվածքներ, 1982թ.), «Բովտուն» (վեպ, էսսեներ, ակնարկներ, հոդվածներ, 1982թ.), «Ձորի Միրոն» (վեպ, պատմվածքներ, 1983թ.), «Քեզ վերևից չպետք է նայել» (ակնարկներ, 1990թ.) գրքերը: 1981թ. (հետմահու) արժանացել է ՀՀ Պետական մրցանակի՝ «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար։ Մահացել է ՀՀ Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։