Ծնվել է 1974թ. օգոստոսի 24-ին, Երևանում: Գեղանկարիչ Հենրի Գարուկյանի որդին է: 1981-91թթ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում: 1991թ. ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի խեցեգործության ֆակուլտետ, 1994թ.` տեղափոխվել նույն ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1998թ.: 1992-95թթ աշխատել է «Բրավո» շաբաթաթերթում` որպես նկարիչ-դիզայներ: 1998-2000թթ անցել է պարտադիր զինվորական ծառայության, եղել է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի համակարգչային բաժնի ձևավորողներից: Հայաստանում համակարգչային գրաֆիկայի առաջին մասնագետներից մեկն է (1992թ.): 1996-98թթ համագործակցել է ռուսական «НТВ» հեռուստաընկերության հետ, մի քանի հեռուստատեսային ծրագրերի շապիկների հեղինակ է: 1995-2002թթ համագործակցել է ամերիկյան «Sony Music» ընկերության հետ, ձևավորել է մի շարք հայտնի արտասահմանյան երաժիշտների սկավառակներ (Cher, Boys II Men, J Spencer, Alexander O’Neal): 1998թ. և 2000թ. եղել է Երևանում կայացած Ջազի միջազգային փառատոների դիզայները: 2007թ-ից համագործակցում է «Universal» (Ավստրիա) ընկերության հետ, կրկին մի շարք սկավառակների ձևավորման հեղինակ է: Հեղինակել է նաև հայ երաժիշտների բազմաթիվ սկավառակներ` Արթուր Իսպիրյանի, Ֆորշի, Լիանայի, Անահիտ Մանուկյանի, Կամո Սեյրանյանի, Միքայել Պողոսյանի, Աննա Արմենակյանի, Անդրեի, Իրինա Մալխասյանի, Արսեն Սաֆարյանի և այլք: 2008-13թթ աշխատել է «Ստատուս Հոլդինգ» ընկերությունում` որպես անիմացիայի բաժնի ղեկավար: 2000թ-ից համագործակցել է մի շարք հայկական հեռուստաընկերությունների հետ: Հեղինակ է բազմաթիվ հեռուստատեսային շապիկների, ընդհանուր հաղորդաշարային ձևավորումների, անիմացիոն հեռուստագովազդների, տարբերանշանների, կորպորատիվ ոճերի, բազմաթիվ մոնումենտալ 3D պրոեկցիաների` «Սայաթ-Նովա 300» (Թբիլիսի, 2014թ.), «6-րդ Համահայկական խաղերի բացում» (Երևան, 2015թ.) և այլն: Մասնակցել է մի շարք ներկայացումների բեմանկարչության աշխատանքներին: 2014թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է համակարգչային գրաֆիկա, նաև գծանկար և գունանկար: Նույն թվականին հիմնադրել և ղեկավարում է «Մուշո Փրոդաքշն» գովազդային գործակալությունը: