Zark Foundation

Մուշեղ Սանթրոսյան

Մուշեղ Սանթրոսյան

Մանկավարժ

13 հունվար, 1894 - 14 դեկտեմբեր, 1972

Ծնվել է Հայաստանի Դիլիջան քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում: 1909-17թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժնում, 1922-26թթ՝ Մոսկվայի Ն.Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան: 1920-22թթ աշխատել է Դիլիջանի շրջանային լուսբաժնի վարիչ, շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։ 1926թ. նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան։ Շուրջ քսան տարի ղեկավարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։ 1930-31թթ եղել է ԵՊՀ ռեկտորը: 1934թ. նշանակվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի տնօրեն, 1937թ.՝ ուսուցիչների վերապատրաստման, 1941թ.՝ դպրոցների գիտահետազոտական ինստիտուտների տնօրեն։ 1957թ. ընտրվել է Ռուսաստանի մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ։ Գիտական աշխատությունները նվիրված են հայ մանկավարժության ու դպրոցի պատմությանը։ Հեղինակել է բազմաթիվ մենագրություններ և գիտական հոդվածներ։ Առանձնապես կարևոր են՝ «Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ.Աբովյանը» (1953թ.), «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ» (1959թ.), «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի 1-ին կեսին» (1964թ.), «Ներսիսյան դպրոցի պատմություն» (1981թ.) աշխատությունները։ 1948թ. ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1937թ-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1945թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: