Zark Foundation

Մուրադ Կոստանյան

Մուրադ Կոստանյան

Դերասան

25 օգոստոս, 1902 - 3 հունվար, 1989

Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում: 1920-25թթ և 1927-28թթ սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում, 1925-27թթ աշխատել Թիֆլիսի հայկական թատրոնում` որպես դերասան: Եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) հիմնադիրներից, որտեղ աշխատել է 1928թ-ից: 1930թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է կատակերգական և բնութագրական ավելի քան 150 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Փայլակ), Ա.Օստրովսկու «Անտառ» (Սչաստլիվցև), «Կատաղի փողեր» (Գրիգոր), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Պրոպոտեյ), Կ.Գոլդոնիի «Ձկնորսներ» (Ֆորտունատո), Վ.Վաղարշյանի «Վանքաձոր» (Սերոբ), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Խաչո), Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Խարիտոնով), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Եպիխոդով), Բ.Նուշիչի «Փիլիսոփայության դոկտոր» (Բլագոյ), Ժ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Սարգիս), Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (Լևիցկի) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Լույս և ստվեր» (1933թ.), «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսներ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «01-99» (1959թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) և այլն: 1934թ-ից մանկավարժական գործունեություն է ծավալել, 1944թ-ից դերասանական արվեստ է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: