Zark Foundation

Մուրացան

Մուրացան

Արձակագիր

1 դեկտեմբեր, 1854 - 30 օգոստոս, 1908

Գրիգոր Տեր-Հովհաննիսյան
Ծնվել է Շուշիում: Նախնական կրթությունն ստացել է մասնավոր դպրոցներում: 1873թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը: Մեկ տարի կատարելագործել է ֆրանսերենի իմացությունը, երկու տարի հայոց լեզու և պատմություն ավանդել մանկավարժ Խորեն Ստեփանեի դպրոցում։ 1877թ. շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրերում, ուսումնասիրել հին հիշատակարաններ, այնուհետև գրել «Հասան-Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը» երկը («Փորձ», 1880թ.)։ 1878թ. մեկնել է Թիֆլիս։ Սովորելով հաշվապահություն՝ աշխատանքի է անցել առևտրական տներից մեկում, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը։ Գրողի երկերը լույս են տեսել ազգային պահպանողական կամ սրան հարող հանդեսներում ու թերթերում՝ «Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Արձագանք», «Թատրոն», «Լումա»։ Նրա գրական նախափորձերը վերաբերում են վաղ պատանեկության տարիներին։ Դրանք եղել են սիրո, կարոտի, հայրենասիրության բանաստեղծական ռոմանտիկ ներշնչումներ, որոնց նմուշները ժամանակին լույս են տեսել«Արարատ» և «Արշալույս Արարատյան» պարբերականներում։ Գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» (1881թ.) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900թ., «Թատրոն» հանդեսում։ Սյուժեն ընտրելով 13-րդ դարի թաթար-մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատմությունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ ժողովրդի «բարոյական արժանավորությունը»։ Գրողն ուրույն դիրքորոշում ուներ 1880-ական թթ սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Բուրժուական լիբերալիզմը հանձին նրա ուներ մի երդվյալ հակառակորդ, որն անվերապահորեն մերժում էր «նոր հասարակության» սոցիալական, տնտեսական ու քաղաքական ծրագրերը։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանության հիմքը համարում էին «նյութական հարստությունը», իսկ գրողը դրան հակադրում էր «բարոյական հարստություն» տեսակետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմնթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին: Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ և կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյակցության հիմքերը՝ եկեղեցին, ընտանիքը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ Այս իրողությունը որոշակի ուղղություն է տվել նրա ստեղծագործությանը՝ դրան հաղորդելով բացահայտ միտումնավորություն։ «Հայ բողոքականի ընտանիքը» (1882թ.) վիպակում, «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885թ.) վեպում արծարծել է եկեղեցադավանաբանական հարցեր, քննադատել կաթոլիկ հայերի բարոյական վարքագիծը։ «Հասարակաց որդեգիրը» (1884թ.), «Հարուստները զվարճանում են» (1884թ.), «Ի՞նչ լայեղ է» (1885թ.), «Անպատճառ իշխանուհի» (1886թ.) պատմվածքներում և «Չհաս է» (1886թ.) վեպում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։ Նրա ըմբռնումով ազգի զարգացումը ճիշտ ուղիների վրա դնելու համար անհրաժեշտ են առաքյալներ։ Եվ որպես «գործելու ծրագիր» նա առաջադրում է «Խորհրդավոր միանձնուհի» (1889թ.) վեպը, որի առաքյալ հերոսը՝ Քույր Աննան, ռոմանտիկական իդեալների աշխարհում ուրվագծում է սոցիալական իր ուտոպիան: Ըստ էության դա տնտեսապես բարեկարգված և լուսավորությամբ նորոգված նահապետական համայնքն է, որի բարոյական նեցուկներն են դպրոցը և եկեղեցին: «Լուսավորության կենտրոնը» (1892թ.), «Նոյի ագռավը» (1899թ.), «Առաքյալը» (1902թ.), «Գթության քույրեր» (1902թ.) երկերում փորձում է վերստին հարություն տալ առաքյալ հերոսին, սակայն իրականությունը փշրում է նրա պատրանքները։ Նրա համոզմամբ հասարակությունն այլևս ընդունակ չէ առաքյալներ ծնելու, քանի որ «ժամանակի նշանը» անձնասիրությունն է, որ տրոհել էր մարդկային էությունը և օտարել նրանից հերոսականն ու էպիկականը։ Իր ստեղծագործություններում արծարծելով անհատի ու հասարակության փոխհարաբերության հարցը, առաջադրում էր որոշակի էթիկական սկզբունքներ։ Հետևելով Կանտի էթիկային՝ նա մերժում էր հեդոնիզմը, դրան հակադրելով երջանկության իր ըմբռնումը՝ «նվիրվել հասարակաց բարվույն և դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկություն»։ Իրականության մեջ չգտնելով իր իդեալները՝ հեղինակը հայացքն ուղղում է դեպի պատմական անցյալը։ «Գևորգ Մարզպետունի» (1896թ.) վեպը նրա ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է. արտացոլելով 10-րդ դարի Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները, ցույց է տալիս անձնական երջանկության և պարտականության ողբերգական ներհակությունը Աշոտ Երկաթ թագավորի կերպարում։ Ըստ հեղինակի, թագավորը, այսինքն՝ պատմական անհատը, իրավունք չունի ազատ լինելու, իսկ ազատ անհատը՝ թագավոր։ Այս տեսակետից սպարապետ Գևորգ Մարզպետունին մարմնավորում է գրողի իդեալը։ «Անդրեաս երեց» (1897-98թթ) պատմավեպի սյուժեն վերցված է Հայաստանում 17-րդ դարի սկզբի պարսկական տիրապետության շրջանի իրադարձություններից, պատկերում է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդրեաս երեցի նահատակությունը՝ հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու։ «Տիկին Փիլարյանի վիշտը» (1897թ.), «Պսակների բողոքը» (1899թ.), «Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին» (1902թ.), «Հատուկ թղթակիցը» (1902թ.) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում բուրժուական բարեգործությունն ու լիբերալիզմի գաղափարախոսներին։ «Խոջիվանքում» (1886թ.), «Հանելուկը լուծվեցավ» (1890թ.), «Երկուսից ո՞րը» (1891թ.), «Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում» (1897թ.), «Ցպահանջ» (1899թ.) պատկերներում բացահայտվում են մարդկային հոգեբանության տարերքում թաքնված անբացատրելի պարադոքսները։ Գրողի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ թեև ականատես եղավ այդ դպրոցի քայքայմանը, սակայն մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Եղել է մեծ ընդգրկումների արվեստագետ: Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրել է մի ամբողջ պատմաշրջան և արձագանքել ազգային ու սոցիալական իրադարձություններին։ Մահացել է Թիֆլիսում: Մուրացանի անունով կոչվել են գրադարան, փողոցներ, դպրոցներ Երևանում, ՀՀ և ԼՂՀ այլ քաղաքներում ու գյուղերում: Շուշիում տեղադրվել է նրա արձանը, կիսանդրիները` Ծովագյուղում, Երևանում` նրա անվան դպրոցի առջև: