Zark Foundation

Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ

Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ

Բանաստեղծ, հրապարակագիր, պատմաբան

7 ապրիլ, 1718 - 16 հոկտեմբեր, 1796

Ծնվել է Վարշավայում: Սովորել է Վարշավայի Հիսուսյանների դպրոցում, ապա՝ Կրակովի համալսարանում, ստացել իրավագիտության դոկտորի աստիճան։ 1769-73թթ և 1778-81թթ եղել է «Մոնիթոր» («Monitor») հանդեսի խմբագիրը։ Հրատարակել է ավելի քան 40 հատոր (լեհերեն, լատիներեն) պատմագիտական, իմաստասիրական, աստվածաբանական, խրատաբարոյախոսական և այլ թեմաներով աշխատություններ, բանաստեղծությունների ժողովածուներ, թարգմանություններ։ Աշխատություններից մի քանիսը պարունակում են տեղեկություններ լեհահայերի մասին։ «Լվովի լեհահայոց արքեպիսկոպոսների վարքագրությունը քառյակներով շարադրեալ...» (1762թ.) աշխատությունում կան 1624թ. Հայաստանից Լեհաստան անցած Մելքիսեդեկ կաթողիկոսի կյանքին վերաբերող կարևոր տվյալներ ու փաստեր։ Մեկ ուրիշ «Լեհական փոքրիկ քերթվածների ժողովածու» (1782թ., լեհերեն) գրքում զետեղել է հայազգի լեհական շատ բանաստեղծների գործեր, նաև իր էպիգրամներն ու քառյակները՝ նվիրված մի շարք նշանավոր լեհահայերի։ Ֆրանսերենից, լատիներենից և հունարենից լեհերեն է թարգմանել բազմաթիվ հեղինակների (Բոկաչչո, Պետրարկա, Անակրեոն, Հորացիոս, Հոմերոս) գործեր, որոնցից ուշագրավ է Հայոց Տիգրան Բ թագավորի մասին «Տիգրանես» (1767թ.) կատակերգությունը (իտալերենից)։ 1769թ. գրել է «Հնդիկ իմաստասերը կամ Մարդկային կյանքի երջանկության հնարները» տրակտատը, հայերին նվիրված աշխատություններ (ձեռագիր), որոնցից մեկը Արևմուտքի երկրներում ապրող հայերի մասին փաստաթղթերի, տեղեկությունների ժողովածու է, մյուսը՝ «Նշանավոր լեհահայերի վարքագրությունը» գիրքը (համարվում է կորած)։ Մահացել է Վարշավայում: