Ծնվել է Թբիլիսիում: Եղել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանի ամուսինը: Ավարտել է Թբիլիսիի հայկական միջնակարգ դպրոցը, 1962թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Արմեն Գուլակյանի արվեստանոցը: 1962թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական կերպարներ մի շարք ներկայացումներում` Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Բաբիկ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Վարուժան), «Հացավան» (Շմավոն), Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը» (Լյուդվիկ), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Յուսուֆ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Արտեմ), «Պեպո» (Սամսոն), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի), Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (Լիմոն), Ա.Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Հերց), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Պիշչիկ), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Հենրի), «Քո կյանքի ժամանակը» (Բլիք), Լ.Շեյնինի «Ծանր մեղադրանք» (Կիթառով տղա), Գ.Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ» (Մագիստրոս), Վ.Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (Արմեն), Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Սելիվան), Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» (Լուիս), Մ.Գորկու «Հատակում» (Կաստիլյով) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսային ներկայացումների: Նկարահանվել է «Նռան գույնը» (1968թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Վերջին կիրակի» (1985թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.) և այլ ֆիլմերում: Հանդես է եկել նաև որպես ասմունքող: Մահացել է Երևանում: