Ծնվել է Մոսկվայում։ 1953թ․ ավարտել է Մոսկվայի Օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը, 1956թ․՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ 1972-85թթ եղել է «Ինֆորմելեկտրո» ՀամԳՀԻ ավագ գիտաշխատող, բաժանմունքի վարիչ, 1985-89թթ՝ ՌԳԱ տեղեկատվության փոխանցման հիմնախնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, 1989-94թթ՝ ՏՓՀԻ համակարգչային լեզվագիտության լաբորատորիայի վարիչ, 1990թ-ից, միաժամանակ՝ ՌԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, 1994թ-ից՝ ՌԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի տեսական իմաստաբանության բաժանմունքի վարիչը (1991թ-ից՝ պրոֆեսոր)։ 1993թ. նրա ջանքերով հրատարակվել է ծավալուն անգլերեն-ռուսերեն նոր բառարան, որտեղ բառարանային հոդվածների ստեղծումը կատարվում էր ժամանակակից տեսական և գործնական բառարանագրության ձեռքբերումների հաշվարկով. այդ աշխատանքը մինչ այժմ համարվում է չգերազանցված։ Աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, իմաստաբանությանը, ռուսերենի որոշ հարցերի («Արդի կառուցվածքային լեզվաբանության գաղափարները և մեթոդները», 1966թ․, «Բառապաշարային իմաստաբանություն։ Լեզվի հոմանիշային միջոցները», 1974թ․, «Ռուսերենի բայի իմաստաբանության փորձարարական հետազոտություն», 1967թ․, «Տեղեկատվական տիպերը «իմաստ-տեքստ» մոդելի մակերեսային իմաստաբանական բաղադրիչի համար», 1980թ․, «Ռուսերեն բայ-հունգարերեն բայ։ Խնդրառությունը և զուգորդությունը», համահեղինակ, բոլորը՝ ռուսերեն)։ Համահեղինակ է «Անգլերեն-ռուսերեն հոմանիշների բառարանի» (1979թ․), «Նոր մեծ անգլերեն-ռուսերեն բառարանի» (1-3, 1993-94թթ)։ 1999թ-ից եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ, 2008թ-ից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 1993թ․ արժանացել է Հումբոլդտի անվան մրցանակի, 1999թ․՝ Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման, 2004թ.՝ Վլադիմիր Դալի անվան ոսկե մեդալի, 2005թ.՝ Սոֆիայի համալսարանի, 2012թ.՝ Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումների։ Մահացել է Մոսկվայում։