Zark Foundation

Յուրի Գևորգյան

Յուրի Գևորգյան

Կոմպոզիտոր, ջութակահար

15 հուլիս, 1931 - 11 մայիս, 2016

Ծնվել է Թիֆլիսում: 1953թ. ավարտել է Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանը, 1959թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը: 1953-60թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջութակահար: 1960-2002թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր): 1970թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության խորհրդի գեղարվեստական ղեկավարը: Հեղինակել է երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ երկեր, «Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո» օպերաները, 3 երաժշտական կատակերգություն, Սիմֆոնիա, Սիմֆոնիետա, Կոնցերտ շրթհարմոնի կամ սաքսոֆոնի և կամերային նվագախմբի համար, «Աղոթք», «Վալս», «Լեռնցիների պարը» պիեսները՝ կամերային նվագախմբի համար, 4 պիես սաքսոֆոնների կվարտետի համար («Կերպարներ»), պիեսներ ալտ-սաքսոֆոնի և դաշնամուրի համար (հրատարակվել են Լոնդոնում), 2 կանտատ (հրատարակվել են Մոսկվայում), մանկական և պատանեկան պիեսների ժողովածուներ դաշնամուրի և ջութակի համար (հրատարակվել են Վիեննայում և Երևանում), 2 սոնատ թավջութակի համար, մանկական և էստրադային երգեր, 2 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար (Վահան Տերյանի խոսքերով): Մահացել է Երևանում: