Երվանդ Տեր-Խաչատրյան
Ծնվել է 1949թ. ապրիլի 25-ին, Հայաստանի Ղարախաչ (այժմ՝ Լուսաշող) գյուղում: 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1972-79թթ աշխատել է Մարտիրոս Սարյանի թանգարանում՝ որպես գիտաշխատող: 1979-82թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրենը: 1979թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1979թ-ից ռուս գրականության պատմություն է դասավանդում ԵՊՀ-ում: Եղել է «Վարուժան» գրական-գեղարվեստական թերթի խմբագիրը, «Նորք» ամսագրի խմբագրության անդամ, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը: 2001թ. դարձել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության և գրականության տեսության, 2006թ.՝ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնների դոցենտ: Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների և սեմինարների Հայաստանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր: 1992թ-ից Հայաստանի նկարիչների և Հայաստանի ժուռնալիստների միությունների, 1995թ-ից՝ Հայաստանի գրողների միության, 2004թ-ից՝ Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է: Ուսումնասիրել է Պարույր Սևակի և Կոստան Զարյանի գրական ժառանգությունը, հեղինակել և հրատարակել է բազմաթիվ գրական և մշակութային աշխատություններ: 2010թ. արժանացել է «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի: