Zark Foundation

Յուրի Կոստանյան

Յուրի Կոստանյան

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1947թ. դեկտեմբերի 25-ին, Երևանում: 1965-70թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբերնետիկա ֆակուլտետում, 1984-88թթ` Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1970-71թթ աշխատել է Երևանի ավտոմատ կառավարման սիստեմների գիտահետազոտական ինստիտուտում` որպես գիտաշխատող, 1971-72թթ` Լիտվայի պետական մնջախաղի թատրոնում` որպես դերասան, 1973-74թթ` Մոսկվայի Մյուզիք Հոլլ-ում` որպես արտիստ, 1975-76թթ` Հայկական հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության հեռուստաթատրոնում` որպես փորձավար, 1979-87թթ` Երևանի պետական երիտասարդական թատրոնում` որպես դերասան, 1987-94թթ` բեմադրող ռեժիսոր, 1980-85թթ` էսթետիկական կենտրոնում` որպես պլաստիկ դրամայի թատերախմբի գեղարվեստական ղեկավար: 1993թ-ից եղել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, 1998-2011թթ՝ բեմադրող ռեժիսոր: 2011թ-ից նույն թատրոնի տնօրենն է: 1997-2008թթ համատեղության կարգով աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սևանի հոգևոր դպրանոցում` որպես ուսումնական գծով փոխտեսուչ: 2005թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2008թ-ից` Երևանի պետական մանկավարժական ակադեմիայի պարի ամբիոնում: Ունեցել է մի քանի տասնյակ դերակատարումներ թատրոնում, կինոյում, հեռուստատեսությամբ և ռադիոյվ, որոնցից են` Դ.Քեսայանցի «Խաբկանք» ֆիլմը, Գ.Չալիկյանի հեռուստաբեմադրությունները, Խ.Չալիկյանի «Խաչելություն» հեռուստաֆիլմում Կոմիտասի դերը, «Անպոչ Ճգնավորը» ֆիլմում Խոռի կերպարը, Ա.Շահբազյանի «Չնչիկը» ֆիլմում հոր կերպարը, ամերիկյան ռեժիսորներից մեկի «Այստեղ» ֆիլմում` նույնպես հոր դերը, Վ.Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմում Գրիգոր Լուսավորչի կերպարը և այլն: Խաղացել և բեմադրել է մի շարք ներկայացումներ` հեղինակային սցենարներով, այդ թվում` «Արթմնի երազ», «Մետամորֆոզ», «Գեներ», «Դևը», «Շրջանակից դուրս», ինչպես նաև իրականացրել է նշանավոր դրամատուրգների և գրողների ստեղծագործություններով բեմադրություններ, որոնցից կարելի է առանձնացնել Է.Օլբիի «Դեպք կենդանաբանական այգում», Ֆ.Դոստոևսկու «Գրառումներ ընդհատակից», Մ.Մետերլինկի «Սուրբ Անտոնիսի հրաշագործությունը» և «Կապույտ թռչուն», Հ.Անդերսոնի «Ջրահարսը» և այլն: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.` «Երևանի զինանշան» հուշամեդալի, 2017թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի: