Ծնվել է 1941թ. հուլիսի 20-ին, Երևանում: 1961թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1966թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը: 1968թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծել է դիմաքանդակներ («Պոետն ու մուսան», 1982թ., «Արքան», 1995թ., «Իշխանուհին», 1995թ.), մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձևեր, գրաֆիկական թերթեր: Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ձևերի մոնումենտալ ընդհանրացումներով, ընդգծված խորհրդանշական մեկնաբանումով: 1965թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1977թ. Պրահայի քանդակի միջազգային սիմպոզիումում արժանացել է մրցանակի (կրաքարային տուֆից նրա «Կենաց ծառ» մոնումենտալ քանդակը տեղադրվել է Պրահայում): 1979թ. կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին (1999թ. կոմպոզիտորի արձանը տեղադրվել է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի առջև, բրոնզ, գրանիտ): 2005թ. Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը: Այլ ստեղծագործություններից են՝ «Տղամարդու դիմաքանդակ» (1979թ., հրակավ), «Եղբորս հիշատակին» (1983թ., հրակավ), «Գովք հողին» (1983թ., հրակավ), «Ողբ» (1983թ., հրակավ), «Ճիչ» (1983թ.), «Ռեքվիեմ» (1984թ.), «1915 թիվ» (1985թ., հրակավ), «Հարդարանք» (1994թ.), «Կյանքի անիվ» (1994թ.), «Մուսա» (1995թ.), «Նկարիչը» (1996թ.), «Զարթոնք» (հուշարձան, 2004թ., Երևան), «Հովհաննես Այվազովսկի», (2005թ., բրոնզ, գրանիտ, տեղադրված է Երևանում), «Մխիթար Հերացի» (բրոնզ, տեղադրված է Երևանում), «Տղամարդու դիմաքանդակ» (2011թ.), «Երաժշտություն» (2011թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1982թ., 2012թ.), Մոսկվայում (1988թ.), Ռիգայում (1989թ.), Փարիզում (1993թ.): Քանդակագործի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Հոլանդիայում, Փարիզում, Մոսկվայում և Ռիգայում: Աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյաներկրների արվեստի թանգարաններում: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: