Ծնվել է Աստրախանում: Եղել է հայ առաջին օպերային մեծ երգչուհին: Հանդես է եկել ավելի քան 50 օպերային գլխավոր դերերում, որոնք կատարել է մեծագույն հաջողությամբ: 1886թ. ավարտել է Աստրախանի գիմնազիան: 1886-90թթ սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ Վ.Ռաաբի դասարանում: Բեմական արվեստն ուսումնասիրել է Ս.Գաբելի օպերային դասարանում: Առաջին դերերգով հանդես է եկել 1888թ. դեկտեմբերի 18-ին (Նատալյա՝ Պ.Չայկովսկու «Օպրիչնիկ»): 1890թ. ամռանը ձայնը վերականգնելու համար մեկնել է Միլան, դասեր առել Ջ.Վիլլա-Ֆիորիտայի ստուդիայում: Ներկա լինելով «Լա Սկալա»-ի ներկայացումներին, մոտիկից ծանոթացել է իտալական վոկալ արվեստի, հատկապես բելկանտոյի գաղտնիքներին: 1891թ-ից, պարապմունքներին զուգընթաց, հանդես է եկել Նեապոլի «Սան Կարլո», ապա և Միլանի «Ալհամբրա» օպերային թատրոններում: 1893թ. վերադարձել է Անդրկովկաս, համերգային ելույթներ ունեցել Բեգլար Ամիրջանյանի հետ: Օժտված է եղել մեծ ձայնածավալի գեղեցիկ տեմբրի ձայնով, երգել է զմայլող երաժշտականությամբ և ջերմորեն: 1893-94թթ հանդես է եկել Թիֆլիսի արքունական օպերային թատրոնում, Գունոյի «Ֆաուստ» (առաջին բեմելը՝ 1893թ. սեպտեմբերի 29-ին, 20-ամյա Ֆ.Շալյապին-Մեֆիստոֆելի մասնակցությամբ), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», Բիզեի «Կարմեն», Մեյերբերի «Հուգենոտներ», Թոմայի «Մինյոն», Մասկանյիի «Գեղջկական պատիվ», Պուչչինիի «Պայացներ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», Դարգոմիժսկու «Ջրահարս», Ռուբինշտեյնի «Դև» և այլ օպերաներում, ելույթ ունեցել մենահամերգով, մասնակցել բարեգործական երեկույթների, Դոնի Ռոստովում և Տագանրոգում՝ 10 ներկայացումների, ապա մեկնել Փարիզ և (մինչև 1896թ.) կատարելագործվել Մ.Մարկեզիի վոկալ ստուդիայում: 1897-98թթ Թիֆլիսի օպերային թատրոնի թատերաշրջաններն ավարտելուց հետո Փարիզում մասնակցել է Մարկեզիի ստուդիայի կազմակերպած ցուցադրական համերգներին ու ներկայացումներին, ապա երգիչ Լ.Եղիազարյանի հետ Անգլիայում հանդես եկել համերգներով: 1899թ. հրավիրվել է Պետերբուրգի «Արկադիա» թատրոնի հյուրախաղային ներկայացումներին, Պավլովսկի ամառային համերգասրահում հանդես եկել մենահամերգով: 1900-04թթ երգել է Մարիինյան թատրոնում (բեմելը 1900թ․ ապրիլի 25-ին Լիզայի դերերգով, Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա»-ում), կատարել գլխավոր դերերգեր, դրանց թվում նաև առաջին անգամ բեմադրված օպերաներում՝ Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա), «Սերվիլիա» (Սերվիլիա), Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Սուսաննա) և այլն: Այդ տարիներին հանդես է եկել նաև Մոսկվայում, Թիֆլիսի օպերային թատրոնում, մասնակցել նրա հյուրախաղային ներկայացումներին (Խարկով, Կիև և Օդեսա, 1901թ.), Պետերբուրգում՝ հայկական երեկույթին (1901թ.), ֆիլհարմոնիկ ընկերության 100-ամյակին նվիրված համերգին (1902թ.), ուր Ա.Նիկիշի ղեկավարությամբ կատարվել է Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան»: 1904թ. գարնանը վերադարձել է Թիֆլիս, մասնակցել օպերային ներկայացումների, ապա մեկնել Փարիզ, «Օպերա-կոմիկ»-ի հետ պայմանավորվել նոր թատերաշրջանում այնտեղ աշխատելու մասին: 1905թ. դեկտեմբերի 30-ին Աստրախանում չարագործները կողոպտելու նպատակով մտել են երգչուհու բնակարան, սպանել հորը, մահացու վիրավորել երգչուհուն: Մահացել է Աստրախանում: