Ծնվել է Դոնի Ռոստովում: 1950թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, 1953թ.` կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Հեղինակել է շուրջ 50 գեղարվեստական ֆիլմերի, դրամատիկական ներկայացումների, ռադիոյի և հեռուստաթատերական բեմադրությունների երաժշտություններ, բալետներ, կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտ-պոեմ դաշնամուրի և նվագախմբի համար և այլ գործեր: Ստեղծագործություններից են` «Մարգարիտը» (ըստ Սթեյնբեկի նովելի, Լենինգրադ, 1964թ.), «Ծերունի Խոտաբիչը» (1970թ.), «Արքայազն ու աղքատը» (ըստ Մարկ Տվենի, 1978թ.) բալետները, «Սևանա լիճը» կանտատը մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք` Կ.Սիմոնյանի, 1950թ.), «Ցելինի նկարը» սիմֆոնիկ նվագախմբի համար (1965թ.), դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար համերգ (1953թ.), կոնցերտ-պոեմ (1968թ.), «Սոնատա» ջութակի և դաշնամուրի համար (1950թ.) և այլն: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: