Zark Foundation

Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավար, դերասանուհի

Ծնվել է 1982թ. հուլիսի 18-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը: 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ս.Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում: 1998-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցում: Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ՝ Աննա Հեքեքյանի արվեստանոցում: 2001-12թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի սպորտային, երաժշտական, մշակութային հաղորդաշարեր: 2001-02թթ վարել է «Որակի նշան», 2002-04թթ` «Մետեո TV» հաղորդումները: 2004թ. հեղինակել և վարել է «Դեմքեր» մշակութային և վարել է «Բարի գիշեր», 2005թ.` «Ժուկով ժամանակով» մանկական հաղորդումները: 2004-09թթ վարել է «Առաջին ծրագիր», 2009-12թթ վարել և հեղինակել է «Երջանկության մեխանիկա» հաղորդումները: 2010թ. մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: 2002-07թթ եղել է «Կռունկ» երաժշտական մրցույթ-փառատոնի, 2003-06թթ` «Միս Հայաստան» և «Միս Երևան» գեղեցկության մրցույթների հեղինակը, սցենարիստը և հանդիսավարը: 2006թ., 2009թ., 2010թ. և 2011թ. վարել է Հայաստանի ազգային, 2007թ., 2009թ. և 2010թ.` Լոս Անջելեսի, 2008թ. և 2010թ.` Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունները: Եղել է նաև «Երևանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնական հանդիսավարը, որի շրջանակներում համերգային հյուրախաղերով Երևանում հանդես են եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստներ` Վ.Սպիվակով, Յ.Բաշմետ, Ք.Պենդերեցկի, Ջ.Քոքեր, Գ.Բրեգովիչ, Ջ.Բենսոն, Պ.Դոմինգո և այլք: 2002թ-ից խաղացել է թատերական ներկայացումներում` Ա.Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն», Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Ս.Փարաջանովի թանգարանում` «Սոնատ ջութակի համար» և այլն: Նկարահանվել է «Ոչինչ չի մնա» (2007թ.), «Երեք ընկեր» (2008թ.), «Տաքսի, էլի լավա» (2009թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Խաչագողի հիշատակարան» (2010թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.) և այլ ֆիլմերում: 2010թ-ից աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս: 2012թ. վարել է «Հայակ» կինոմրցանակաբաշխությունը: 2012թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երկրի գանձերը», «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծերը, «Մարդկային գործոն» հաղորդումը, 2015թ-ից՝ «Ամենախելացին» նախագիծը: 2018թ. արժանացել է ՀՀ Երախտագիտության մեդալի: