Zark Foundation

Նաթան Ամիրխանյան

Նաթան Ամիրխանյան

Կոմպոզիտոր, երգեհոնահար

17 մարտ, 1872 - 4 հոկտեմբեր, 1949

Նաթան Կնյազև
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Վաղ հասակում ծնողների հետ տեղափոխվել Է Թավրիզ, ապա` Թիֆլիս, ուր ստացել է երաժշտական նախնական կրթությունը: 1888թ. տեղափոխվել է Ֆինլանդիայի Հելսինգֆորս քաղաք: 1892-96թթ սովորել է տեղի կոնսերվատորիայում: 1897թ. անցել է Մյունխեն, որտեղ ավարտել է պետական երաժշտական ակադեմիան: Գերմանիայի տարբեր քաղաքներում ելույթ է ունեցել որպես երգեհոնահար: Այնուհետև երգի, երաժշտության տեսության և դաշնամուրի դասեր է տվել (այդ շրջանում նրան աշակերտել է Բարսեղ Կանաչյանը) Բուլղարիայի Վառնա, Պլովդիվ, Սոֆիա քաղաքներում, մասնակցել է Բուլղարիայի օպերայի կազմավորմանը: 1908թ. մեկնել է Ռուսաստան: Օդեսայում երգեհոնի դասեր է տվել կայսերական երաժշտական վարժարանում, եղել Օդեսայի օպերային թատրոնի ղեկավարը: Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր: 1910թ. հրավիրվել է Սոֆիա, որպես Բուլղարական օպերային ընկերության նվագավար: 1912թ. եղել է ԱՄՆ Բոստոն քաղաքի օպերային թատրոնի երգչախմբի ղեկավարն ու երգեհոնահարը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վերադարձել է Բուլղարիա: 1917թ. ավարտել է իր գլուխգործոցը` Բուլղարիայի պատմությունից առնված «Իվանկո» օպերան (բեմադրված` 1932թ.): Գրել է նաև շուրջ 200 աշխարհիկ և հոգևոր երգեր` հայերեն, ռուսերեն, բուլղարերեն, գերմաներեն, անգլերեն, շվեդերեն տեքստերով, «Գյորգյովդեն» բալլադը, «Հաջի Դիմիտր» բալետը և այլն: Նրա գրչին են պատկանում նաև «Ռալիցա» օպերան (1936թ.), «Քրիստոս» օրատորիան, «Բուֆֆ» օպերետը (1940թ.): Մահացել է Սոֆիայում: