Zark Foundation

Նահապետ Ռուսինյան

Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

28 սեպտեմբեր, 1819 - 29 նոյեմբեր, 1876

Ծնվել է Կեսարիայի գավառի Էվքերե գյուղում: Հաճախել է Կեսարիայի նախակրթարանը, իսկ 1829թ-ից՝ Սկյուտարի Սբ. Կարապետ եկեղեցու վարժարանը։ 1844թ. ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետ։ Ուսումնառության տարիներն անցել են 1848թ. ֆրանսիական հեղափոխության նախապատրաստման ու իրագործման շիկացած մթնոլորտում։ 1849թ. Փարիզում, Ծերենցիգործակցությամբ, ստեղծել է ուսանողական «Արարատյան ընկերությունը», որի խնդիրն էր «սատարել Հայաստանի առաջադիմությանը»՝ հայ ժողովրդին լուսավորելու, համախմբելու և ազգային ու սոցիալական ազատությունների համար պայքարի ոգեշնչելու ճանապարհով։ 1851թ. բժշկագիտության դոկտոր դարձած վերադարձել է Կ.Պոլիս։ Եվրոպական քաղաքակրթությանը ժողովրդին հաղորդակից դարձնելու նրա ձգտումը համահնչուն էր հայկական երիտասարդ բուրժուազիայի իդեալներին։ Իր համախոհներ Գրիգոր Օտյանի, Նիկողոս Պալյանի, Սերովբե Վիչենյանի և այլոց հետ ձեռնամուխ է եղել արևմտահայ ազգային կյանքը նորովի կազմակերպելու իր ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծված գրական ակումբում, իսկ այնուհետև «Ուսումնական խորհրդում» (1853թ., եղել է նախագահը) ի թիվս մամուլն ընդարձակելու, նոր դպրոցներ բացելու և երկսեռ դաստիարակություն իրագործելու, տնտեսական կյանքի զարգացման համար մասնագետներ պատրաստելու, ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր հրատարակելու և այլ հարցերի՝ ամենակարևորն ու առաջնահերթն է համարել աշխարհաբարի մշակումը։ «Ուղղախոսութիւն արդի հայոց լեզուին» (1853թ.) աշխատությամբ պաշտպանել է աշխարհաբարը և փորձել (թեև ոչ բավարար լեզվագիտական մակարդակով) մշակել նրա քերականությունը։ Դրանով սկիզբ է դրվել արևմտահայության մտավոր զարթոնքն ազդարարող գրապայքարին։ 1854թ. Կ.Պոլսի պատրիարքարանը գիրքն արգելել է, բոլոր օրինակներն այրել։ Նույն բախտին է արժանացել նաև նրա «Տարեցույցը» (1854թ.), որով նա առաջարկել է ընդունել ֆրանսիական բուրժուական հեղափոխության տոմարը, հաղորդել պատմական, տնտեսագիտական, երկրագործական, առողջապահական և այլ բնույթի հանրամատչելի գիտելիքներ, շոշափել հայ ազգային կյանքը դեմոկրատական սկզբունքով վերափոխելու խնդիրներ։ Ավելի ուշ նա այդ հարցերին անդրադարձել է հարստացված «Բնական տարեցույց» երկհատորյակում (1871-72թթ)։ Մասնակցել է Կ.Պոլսի «Բարեգործական» ընկերության հիմնադրմանը (1860թ. սեպտեմբեր), «Քնար հայկական» երաժշտական ընկերության աշխատանքներին։ Նրա հասարակական գործունեության առավել բարդ ու տևական շրջանը կապված է արևմտահայության ներքին սահմանադրության ստեղծման հետ: 1863թ-ից պարբերաբար ընտրվել է Ազգային ժողովի երեսփոխան և մի շարք տարիներ ղեկավարել է նրա նիստերը, հանդես բերելով ազգային հոգսերի համար հանգանակություն կազմակերպելու, աղքատ երեխաներին ձրի պարտադիր կրթություն տալու, կանանց հասարակական վիճակը բարելավելու և այլ կարևոր հարցերի քննարկման նախաձեռնություն։ Նրա մտորումները, արևմտահայ ազգային-հասարակական տրամադրությունները, ժամանակավոր խանդավառությունն ու դառն հուսախաբությունը արտացոլվել են բանաստեղծություններում («Պատանին և արտուտիկը», «Ծիծառնիկ» և այլն)։ Նրան է վերագրվում նաև «Կիլիկիա» հանրահայտ երգի ստեղծումը։ Եվրոպական առաջադեմ գրականությունը հայ միջավայրում տարածելու նպատակով կատարել է բազմաթիվ թարգմանություններ ֆրանսերենից։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է փիլիսոփայությամբ։ Կայսերական բժշկական ուսումնարանում նա դասավանդել է փիլիսոփայություն և բժշկական դեոնտոլոգիա, որի ընթացքում մշակած իր ուսմունքը շարադրել է «Դասագիրք փիլիսաիայության հետևողությամբ լավագույն հեղինակաց ընտրողական դպրոցի» խորագրով աշխատությունում (ֆրանսերեն՝ 1876թ., հայերեն՝ 1879թ.)։ Հետևելով Վ.Կուզենին՝ էմպիրիզմի ու ռացիոնալիզմի միակողմանիություններից ելք է փնտրել Կանտի ու Հեգելի ուսմունքներից բանաքաղած առանձին գաղափարների արհեստական համադրման մեջ։ Փիլիսոփայությունը, ըստ նրա, գիտություն է մարդկային բանականության մասին, որը մարդուն բարոյական կատարելության է հասցնում՝ ուղղելով նրա միտքը դեպի ճշմարիտը, բարին և գեղեցիկը։ Քանի որ փիլիսոփայության բուն իմացական նպատակը մարդու հոգեկան կամ մտավոր աշխարհի բանական ճանաչումն է, այն պետք է սկսվի մարդու հոգեկան բովանդակության վերլուծությունից։ Ինքնազննման շնորհիվ բացահայտվող հոգեկան աշխարհը բաղկացած է երեք բացարձակ սկզբունքներից՝ անհուն գեղեցիկից, անհուն ճշմարիտից և անհուն բարուց։ Թեև սրանք սերտորեն միահյուսված են, սակայն ճանաչողությանը ներկայանում են առանձին-առանձին։ Ուստի ճանաչողությունը, որը նույնպես հոգեկան երևույթ է, հոգու կարողություն, պետք է իրագործվի այդ երեք բացարձակ սկզբունքներին համապատասխան ձևերի մեջ։ Դրանք են՝ զգայությունը կամ զգայական կարողությունը, իմացականությունը կամ խորհելու կարողությունը և կամքը կամ գործելու կարողությունը։ Հոգու զգայական կարողությունը բացահայտվում է գեղագիտության մեջ, իմացականը՝ տրամաբանության մեջ և գործելունը՝ բարոյագիտության մեջ։ Հետևաբար, գեղագիտությունը, տրամաբանությունը և բարոյագիտությունը հոգու ճանաչողական համապատասխան կարողությունների գործնական դրսևորումներն են կամ երեք բացարձակ սկզբունքներով պարփակված հոգու ինքնիմացության երեք միջոցները։ Սա հիշեցնում է Կանտի իմացական կարողությունների ուսմունքը, սակայն ի հակադրություն դրա, հեղինակի նպատակն է եղել ագնոստիցիզմի հիմնավոր հերքումը։ Բարձր է գնահատել փիլիսոփայության հասարակական ղերը։ Մահացել է Կոստանդնուպոլսում: