Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, Վանլի Քոչակ, Վանեցի
Ծնվել է հավանաբար Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում: Եղել է հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժողովորդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Նրա անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները: Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա.Տևկանցի «Հայերգ» գրքից (1882թ.) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թվականներին Մանուկ Աբեղյանը ապացուցել է այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով աշուղ-երգիչը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը: Մահացել է Խառակոնիս գյուղում, թաղված է տեղի Սբ. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը: