Ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղում: Հովնաթանյան նկարիչների ընտանիքի քահանա Հովհաննեսի կրտսեր որդին է, Նաղաշ Հակոբի (աշուղ, մանրանկարիչ և գեղանկարիչ) հայրը, Հովնաթան Հովնաթանյանի պապը: Նախնական կրթությունը ստացել է հոր մոտ, այնուհետև` Ագուլիսի Սբ. Թովմա վանքի դպրոցում, որտեղ էլ կատարել է նկարչական առաջին քայլերը: Ի հայտ եկած ստեղծագործական կարողություններն ավելի ուշ դրսևորվել են նաև հաստոցային և մոնումենտալ գեղանկարչության բնագավառներում: Ճանաչվել է որպես հմուտ նկարիչ և վաստակել «Նաղաշ» (արաբերեն` զարդանկարիչ) պատվավոր տիտղոսը: Որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Երևանում, գրել «Գովասանութիւն Երևանայ քաղաքին» տաղը: Վրաց աղբյուրների վկայությամբ 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին աշխատել է Թիֆլիսում, ունեցել է արվեստանոց, աշակերտներ, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, դարձել Քարթլիի Վախտանգ 6-րդ թագավորի պալատական երգիչն ու նկարիչը, ձևավորել նրա նորակառույց պալատը: 1710-ականներին հրավիրվել է Էջմիածին, նկարազարդել Մայր տաճարը: Նրա գրական ժառանգության առավել հարուստ և ամբողջական ձեռագրերը պահպանվում են Երևանի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում: Նրա բանաստեղծությունները գրված են սիրո, ուրախության ու խնջույքի, երգիծական ու խոհախրատական մոտիվներով: Գրել է նաև կրոնածիսական տաղեր: Օգտվել է ժողովրդական բանահյուսությունից, գրել ժամանակի ժողովրդական լեզվով: Համարվում է 17-րդ դարի հայ աշուղական պոեզիայի հիմնադիրը: Մահացել է Շոռոթ գյուղում: