Ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նույն թվականին հրատարակվել է բանաստեղծի «Իմ գարունը» բնաստեղծությունների ժողովածուն, այնուհետև, մեկը մյուսին հաջորդել են նոր բանաստեղծությունների ժողովածուներ` «Խոյանքներ» (1960թ.), «Կապույտ կրակներ» (1963թ.), «Արև իմ, սեր իմ» (1967թ.), «Քարե քնքշանք» (1971թ.), «Կարոտի աշխարհ» (1975թ.), «Լեռանաստղեր» (1980թ.), «Թափանցող տարիներ» (1984թ.), «Թևավոր նժույգներ» (1986թ.): 1986թ. Մոսկվայում ռուսերենով լույս է տեսել նրա «Կարոտի աշխարհ» ժողովածուն: Հայերեն է թարգմանել Շիլլերի և Հայնեի ստեղծագործությունները, իսկ ռուսերենից թարգմանել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ: Ստեղծագործություններ է գրել նաև փոքրիկերի համար` «Քուչիկն ու փուչիկը» (1959թ.), «Հուշարարն ու Ազատը» (1964թ.), «Շտապ օգնություն» (1968թ.), «Արևի բանալին» (1972թ.), «Ճուտիկների մանկապարտեզ» (1978թ.): Հեղինակել է բազմաթիվ գրական պարոդիաներ, էպիգրամներ, կալամբուրներ, ֆելիետոններ: Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում արդիականությամբ և բանաստեղծական ձևերի թարմությամբ: Երկար տարիներ աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում` որպես բաժնի խմբագիր: Նրա ստեղծություններից շատերը վերածվել են երգերի: Համագործակցել է կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի («Դինգ-դոնգ», «Նոր տարվա հանդես», «Եղևնին»,«Օրորոցային», «Երկու կռունկ» և այլն), Արեգ Լուսինյանի(«Երաժշտական այբբենարան» երգաշար) հետ: Հեղինակել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հեքիաթն է կանչում» հաղորդման երգի բառերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն և այլ լեզուներով: Մահացել է Երևանում: