Zark Foundation

Նարա Շլեպչյան

Նարա Շլեպչյան

Հաղորդավար

Ծնվել է 1935թ. փետրվարի 23-ին, Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան դպրոցը, 1957թ.՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1956թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրը, աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը և մինչ օրս աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 1964-83թթ դասավանդել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս: Հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր` լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ: Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով: 2000-01թթ վարել է «Մեր էկրանը» հաղորդումը, որի սցենարի հեղինակը և պրոդյուսերն է եղել: 2001-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը: Արժանացել է բազմաթիվ պետական ու կառավարական կոչումների, պատվոգրերի և դիպլոմների` Աշխատանքի արիության մեդալ (1966թ.), Հայաստանի վաստակավոր արտիստ (1972թ.), Գերագույն Սովետի նախագահի պատվոգիր (1982թ.), Հայաստանի ժողովրդական արտիստ (1986թ.), ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2001թ.), «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակ-դիպլոմ (2003թ.), ՀՀ վարչապետի շնորհակալագիր` հայոց լեզվի պահպանման ու զարգացման համար (2006թ.), Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմ և ոսկե մեդալ (2007թ.), ապա` ակադեմիկոս (2010թ.), ՀՀ ԱԺ նախագահի պատվո շքանշան (2011թ.): 2011թ-ից Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է: 2016թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: