Zark Foundation

Նարեկացի արվեստի միություն

Նարեկացի արվեստի միություն

Արվեստի կենտրոն

Հիմնադրվել է 2000թ., ԱՄՆ-ում, Նարեկ Հարթունյանի կողմից, իր ավագ եղբոր` Սարո Հարությունյանի, Հարկո Ինսենթիվզ ընկերության և իրենց հոր` Կարապետ Հարությունյանի հիմնական աջակցությամբ: Կենտրոնը կրում է Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվում է հոգևորի խորհրդով՝ ծառայել հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին: 2004թ. միությունն իր դռներն է բացել Երևանում: Կենտրոնում բոլոր միջոցառումները կազմակերպվում են միության կողմից բացառապես անվճար հիմունքներով բոլոր այն մարդկանց համար, ովքեր դիմում են կենտրոն, համապատասխանում են միության որդեգրած սկզբունքներին ու չափանիշներին և ունեն ստեղծագործական ծրագիր, արժեք ներկայացնող ձեռնարկ կամ ցուցադրման ենթակա աշխատանքներ: Իր գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հատուկ նախագծեր, ամեն տարի իրականացրել է 300-ից ավելի համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ և այլն, լույս է ընծայել բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ, համագործակցել է հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև դեսպանատների հետ: «Նարեկացի» արվեստի միության Երևանի կենտրոնում գործում են «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը և միության նկարչության դասարանը: Հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները: 2006թ. միությունը հիմնել է իր մասնաճյուղը Շուշիում, որը 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո փակվել է: Շուշիի կրթօջախ-կենտրոնում իրականացվել են տարբեր ուսուցողական ծրագրեր` կիթառի (հեղինակային երգ), գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, լուսանկարչության, թատերական, պարի, հեքիաթասածի, ասմունքի, երգի, անգլերենի, արտթերապիայի մշտական դասընթացներ, ինչպես նաև բազմաբնույթ միջոցառումներ: