Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 4-ին, Երևանում: Հաղորդավար գոհար Գասպարյանի ամուսինն է: Ստացել է մագիստրոսի աստիճան ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում և Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժնում: Հանդիսանում է «ԼեգալԼաբ» իրավախորհրդատվական գրասենյակի բաժնետեր, գլխավոր տնօրեն: 2015թ. տեղի է ունեցել նրա աշխատանքների «Մասնիկապատում» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը Երևանի «Դալան» ցուցասրահում, իսկ 2017թ.՝ Պրահա քաղաքի «Jakubska» պատկերասրահում` «Շարժվող մասնիկներ» խորագրով երկրորդ անհատական ցուցահանդեսը: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Հայաստանի նկարիչների միության խմբակային ցուցադրություններում, Գյումրու «Սթիլ» պատկերասրահում, «Արարատ» կոնյակի գործարանի թանգարանում, Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատանը և այլուր: 2017թ-ից հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության անդամ, իսկ 2022թ-ից` վարչության անդամ: Հանդիսանում է նաև հայկական պատմամշակութային թեմատիկայով հավաքորդ: 2019թ. Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել է նրա հեղինակած «Փրկեալ Ձեռագործք Հայոց» արևմտահայոց հայկական ասեղնագործության անձնական հավաքածուի պատկերագիրքը, ապա հանրության համար բացվել է եզակի հավաքածույի ցուցադրությունը: Նրա հավաքածուից նմուշներ տարբեր ցուցահանդեսների շրջանակներում ցուցադրվել են Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, Երևանի Մատենադարանում, «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում և այլուր: «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաև «Վասպուրական» հայրենակցական միության խորհրդի անդամ և ԻԿՈՄ Հայաստանի ազգային կոմիտեի անդամ: Հանդիսանում է «Թիվ 405» ընկերության համահիմնադիր, որի գործունեության շրջանակներում որպես պրոդյուսեր իրականացրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «5 րոպե արվեստ» և «Հայրենեան» հաղորդաշարերը, «Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերագիրքը, «Վանիկը» փաստավավերագրական ֆիլմը (ռեժիսոր` Գոհար Գասպարյան), «Ավետյանցները և նրանց գարեջրի գործարանը» գիրքը: 2023թ. հրատարակել է իր առաջին գրական ստեղծագործությունը` «ԿԸ՜Ռ» վիպակը: Հեղինակել է մի շարք գիտական և այլ հոդվածների: