Zark Foundation

Նարե Հայկազյան

Նարե Հայկազյան

Դերասանուհի, նկարչուհի

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 17-ին, Երևանում: 1987թ. ավարտել է Երևանի Մ.Արազու անվան միջնակարգ դպրոցը: 5 տարի սովորել է Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում: 1984թ-ից զուգահեռ սովորել է Հայաստանի թատերական միությանը կից դերասանական ստուդիայի մնջախաղի և դրամատիկ թատրոնի բաժիններում, որի ընթացքում խաղացել է 13 մանրապատումային ներկայացումներում: 14 տարեկան հասակից խաղացել է արդեն պրոֆեսիոնալ բեմում: 1988-91թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնում: 1986-2001թթ աշխատել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում: 1986-91թթ զուգահեռ աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ երիտասարդական թատրոնում, որտեղ խաղացել է Պ.Տուրրինիի «Առնետաորս», «Մոխրոտ» և այլ ներկայացումներում, 1991-97թթ` «Գոյ», 1995-2003թթ` Երևանի պետական Համազգային թատրոններում: Խաղացել է Ս.Կոսյանի «Գուցե փրկվենք» (Հույս), Մոլիերի «Տարտյուֆ» (Մարիան), Լ.Պիրանդելոյի «Վեց պերսոնաժ հեղինակը որոնելիս» (Խորթ աղջիկ), Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Դեզի), Վ.Սարոյանի«Օպերա, օպերա» (Ռոկսան), «Արթմնի երազ» (Աղջիկ), Շ.Բոդլերի «Չարի ծաղիկներ» (Կին-կատու), Օ.Ուայլդի «Սալոմե» (Սալոմե), Մանուի «Օսկար» (Սպասուհի), Գրիգորյանի «Անվերնագիր» (Թավջութակահար), Գ.Շահինյանի «Պատ» (Կին), Պ.Զեյթունցյանի «Խոր Վիրապ» (Հռիփսիմե կույս) և այլ ներկայացումներում: 2001թ-ից հանդես է եկել մոնոներկայացումներով, որպես բեմադրիչ և դերակատար` «Անհոգություն», «Ավտոբուս», «Փակագիծ» (Ջ.Մատինյանի արձակ գործերի հիման վրա) և այլ մանրապատումներ: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում, մասնակցել կինոփառատոների, ռադիոյի և հեռուստատեսային բեմականացումների, որոնցից են` Վ.Սարոյանի«Մարդկային կատակերգություն», Ռոդարի «Թագավորը մերկ է», Զաքարյանի «Կոմիտաս», Մատինյանի «Ջութակ և սրինգ», Զուդերմանի «Արևի շողեր», Գ.Շահինյանի «Երեկ, այսօր, վաղը», «Ցլամարտ», Կ.Խոդիկյանի «Դարպասներ», Գ.Զոհրապի «Գիշերվան մարդը» և այլն: Նկարահանվել է «Առաջին հայը», «Ժամկետը 7 օր» (1990թ.), «Ավետիք», «Հերոստրատ» (2001թ.) և այլ ֆիլմերում: Արժանացել է մի շարք մրցանակների: 2003թ. առաջին «Արմմոնո» թատերական փառատոնի ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն դերասանուհի» մրցանակին, իսկ «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոներկայացումը` «Լավագույն գեղագիտական մրցանակ»-ի: Նույն թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: Հետագայում ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ «Իմամ Զամի», «Գուցե փկվենք» և ուրիշ գործերի համար: 2004թ. տեղափոխվել է Լոս Անջելես: 2005թ. բեմադրել է «Նոր սկիզբ», 2006թ.` Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» ներկայացումները: Լոս Անջելեսի հայկական «Հորիզոն» հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Փակագիծ» հաղորդաշարը: 2009թ. նկարահանվել է «Էմիգրանտներ» հեռուստասերիալում: Զբաղվել է նաև հագուստի ձևավորմամբ, նկարչությամբ, ունեցել է մի քանի ցուցահանդեսներ: